Առաջնագծում և ընդհանրապես Զինված ուժերում լուրջ աշխատանք է տարվում. Սերգեյ Շաքարյանց

21:41 • 05.09.16


Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը  Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ որքանով տեղյակ է՝ առաջնագծում և ընդհանրապես Զինված ուժերում լուրջ աշխատանք է տարվում:

«Կարծես թե այս անգամ արդեն նաև հայության, մասնավորապես Ռուսաստանի հայության բանակին փոխանցվող օգնությունը տեղ է հասնում և բանակին ուղղված գումարները չեն գրպանում»,- ասաց քաղաքագետը:  

«Անձամբ ծանոթ եմ նման հայերի հետ, ովքեր Ռուսաստանից մշտապես օգնում էին Արցախին ու տեղ չէր հասնում, հիմա արդեն նպատակին է օգտագործվում»,-ասաց նա և հավելեց, թե միշտ էլ դրսից օգնություն եղել է, ուղղակի ապրիլյան պատերազմը աշխուժացրել ու արթնացրել է հայությանը:

Բացի այն, որ առաջնագիծը վերափոխվում է, դա նաև կադրային փոփոխությունների մասին է հուշում: «Ինքներդ գիտեք քանի բարձրաստիճան պաշտոնանկություններ եղան»,-ասաց նա՝ թվարկելով՝ ՊՆ հետախուզության պետ, մատակարարման հարցով պետ և այլն:
 

«Իհարկե, ես հետախուզությունը շատ ավելի մեծ համակարգ եմ պատկերացնում, ոչ թե մեկ անձին, և հետո էլ ես մեր հետախուզությանը չեմ էլ մեղադրում ապրիլյան պատերազմին, որովհետև ինչպես պարզվում է՝ իրենք ժամանակին էլ տեղյակ պահել են, որ շարժում կա»,-ասաց նա:


Քաղաքագետի խոսքով՝ հիմա պետք է բոլոր օղակներն առանձին-առանձին ամրացնեն, ստուգեն, հասկանան, ինչպես էր, որ ստորագրությամբ ստանում էր օգնությունները, բայց հետո չէր ուղարկում, կամ ճանապարհին էր կորում:  


Հարցին, թե կատարվող աշխատանքները ենթադրում են արդյոք, որ ապրիլյան պատերազմից դասեր ենք քաղել, Սերգեյ Շաքարյանցը պատասխանեց. «Ես չգիտեմ բոլոր դասերը քաղել ենք թե ոչ, ես ռազմական խավի ներկայացուցիչ չեմ, քաղաքացիական խավի ներկայացուցիչ եմ, բայց ինչքան ինձ հասնում  է տեղեկությունը, ինչ որ ես եմ լսել, դեպի լավ է գնում փոփոխությունը, բայց դա ինձ չի հանգստացնում: Եթե ամեն անգամ տեղի է ունենում բացասական երևույթ, և չի ձևակերպում նոր մեխանիզմ, որ կասեցվի, ուրեմն անելիքներ կան»:  


Քաղաքագետի խոսքով՝ բանակի վերնախավի նկատմամբ դեռևս վստահություն չկա: «Անձամբ շատերին եմ ճանաչում  ՌԴ-ից և այլն, որ օգնությունները տանում են ուղիղ Վիտալի Բալասանյանի մոտ, որովհետև նա է երաշխիքը, որ չի գողացել, ճամփին չի կերել: Իրեն վստահում են բոլորը, Բալասանյանին չվստահող մարդ գրեթե չկա, միայն ազգի դավաճան կարող է նրան չվստահել»,-ասաց նա:


Դիտարկմանը, թե նկատի ունի, հենց նրան պետք է ավելի բարձր ռազմական պաշտոն վստահեն, պատասխանեց. «Այսօրվա օրոք, նա արժանի է, որ ազգը իրեն ընկալի որպես ռազմական ղեկավար, փորձառու ռազմական մասնագետ է, այն էլ ոչ կաբինետային գեներալ»: