Իսպանիայում բռնկված հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել (լուսանկարներ, տեսանյութեր)

16:10 • 05.09.16

Իսպանական Վալենսիա քաղաքի մոտակայքում գտնվող Կոստա Բլանկա հանգստավայրի անտառներում սեպտեմբերի 4-ին բռնկված հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել, որոնց մեծամասնությունը բրիտանացի զբոսաշրջիկներ են եղել: Հանգստացողներն ու բնակիչները տարհանվել են և տեղափոխվել դպրոցներ ու հոսթելներ:

 

Տեղական աղբյուրների հաղորդմամբ` հրդեհները կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է 15-ամյա երիտասարդների խումբ:

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, BBC Radio 1-ի վարող Քրիս Սթարքը ևս տուժել է հրդեհներից: «Սա խենթություն է: Կարծում եմ` ավտոմեքենաս ու բնակարանս վառվում են»,- գրել է նա Twitter-ում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները դեռևս պայքարում են հրդեհների դեմ: Իշխանությունների հաղորդմամբ` դեպքի վայրում աշխատում են ավելի քան 200 հրշեջներ ու 65 հրշեջ մեքենաներ:

 

Փրկարարները պատմել են, որ իրենք սեպտեմբերի 4-ին հրդեհը համարյա ամբողջությամբ հսկողության տակ են առել, սակայն երբ մայրամուտից հետո ջրցան ուղղաթիռը վայրէջք է կատարել, կրակը կրկին բռնկվել ու ստիպել է տարհանումներ իրականացնել: