5 հզոր պայթյուն Սիրիայում, 21 զոհ, մոտ 50 վիրավոր

12:28 • 05.09.16

Սիրիայում 5 հզոր պայթյուն է որոտացել: Պայթյունների հետևանքով մահացել է 21, վիրավորվել առնվազն 50 մարդ, հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը: 


Նշվում է, որ առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել դեպքերի պատասխանատվությունը: 


Պայթյունները որոտացել են գրեթե միաժամանակ: 


Նախ Տարտուս քաղաքում տեղի է ունեցել կրկնակի ահաբեկչություն: Սիրիայի պետական հեռուստաալիքը հաղորդել է, որ պայթել է ականապատ ավտոմեքենա, ինչից հետո պայթուցիկ սարք է գործի դրել մահապարտ ահաբեկիչը: SANA-ի փոխանցմամբ՝ այդ ահաբեկչության հետևանքով մահացել է 11, վիրավորվել՝ մոտ 45 հոգի: 


Եվս երկու հոգի մահացել են Հոմս քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: 

 

Չորրորդ պայթյունը տեղի է ունեցել Դամասկոսի արվարձաններից մեկում, որի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Հինգերորդ պայթյունը տեղի է ունեցել Հասաքե քաղաքում, զոհվել է 5 մարդ։