Ուզբեկստանում անկայունությունը սպառնում է ողջ տարածաշրջանին. FT

16:21 • 05.09.16

1991 թվականից Ուզբեկստանը ղեկավարած Իսլամ Քարիմովի մահը սպառնում է ողջ Կենտրոնական Ասիայի կայունությանը, գրում է Financial Times-ը:

 

«Քվազիմիապետը մահանում է՝ իրենից հետո չթողնելով արական սեռի ժառանգորդի, նրա դուստրը ենթադրաբար տնային կալանքի տակ է, իսկ նրա մտերիմները պայքար են տանում գահը զբաղեցնելու համար»,- գրում է թերթը։

 

Ուզբեկստանի իշխանությունները խաղաղ իշխանափոխության ոչ մի փորձ չունեն, նշում է Financial Times-ը: Հարևան պետություններում, միևնույն ժամանակ, իշխում են տարեց բռնակալներ, տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, աճում է ծայրահեղ իսլամի տարածման սպառնալիքը:

 

«Ոչ միայն Կենտրոնական Ասիայի բոլոր չորս նախկին խորհրդային պետությունների, այլև Աֆղանստանի հետ սահմանակից Ուզբեկստանում ցանկացած անկայունություն կարող է տարածվել նաև երկրից դուրս»,- նշում է թերթը՝ հավելելով, որ Ուզբեկստանում իրավիճակին ուշադիր հետևում են ոչ միայն հարևան երկրների իշխանությունները, այլև համաշխարհային գերտերությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը: