ՄՕԿ-ը պատժամիջոց չի կիրառել Արթուր Ալեքսանյանի նկատմամբ՝ Ռոբերտ Աբաջյանի նկարով ներկայանալու համար
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ Հայաստան վերադառնալիս իրեն դիմավորողների շարքում է եղել նաև քառօրյա պատերազմում զոհված Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի հայրը, ով իրեն փաթաթվել է և հուզվել: Նա նշեց, որ այդ պահին հարմար չի եղել զրուցել, սակայն շատ է ցանկանում ծանոթանալ և, անպայման, կտեսնի նրան:
Հիշեցնենք, որ պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Արթուրի շապիկի վրա պատկերված էր քառօրյա պատերազմում զոհված Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարը:
Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ արձագանքներ են ստացվել այդպիսի շապիկով արարողությանը մասնակցելուց հետո, ասաց. «Պատվանդանից իջնելուց անմիջապես հետո ստացանք խիստ նկատողություն ՄՕԿ-ի կողմից, քանի որ դա չէր համապատասխանում սահմանված կանոններին: Սակայն մեր կողմից ներկայացվեց, որ Արթուրը տեղյակ չի եղել, որ նման մարզաշապիկով չի կարելի ներկայանալ։ Մեր օլիմպիական կոմիտեն ներողություն խնդրեց։ Միջազգային օլիմպիական կոմիտեն, հասկանալով այդ ամենը, ոչ մի պատժամիջոց չկիրառեց»,- ասաց նա և նշեց, որ եթե կան օրենքներ, ապա դա բոլորին է վերաբերում և հաջորդ անգամ նման բացթողում չի լինի:










