«Ի տարբերություն խանական Ադրբեջանի` Արցախում կառուցում են ժողովրդավարական երկիր». Շարմազանով
Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Արգենտինայի մարդու իրավունքների հարցերով քարտուղար Կլաուդիո Ավրուխի հետ:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերություններում ամուր կապերի ստեղծումն ու դրանց սերտացումը: Կողմերն արձանագրել են, որ հարկավոր է օգտագործել ողջ ներուժը շոշափելի արդյունքների հասնելու համար:
ԱԺ փոխնախագահը Կլաուդիո Ավրուխին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրադրությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը տարածաշրջանում հանդես է գալիս որպես կայունության և խաղաղության ջատագով:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում ոչ միայն շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, այլև շուրջ երկու տասնամյակ ապօրինի շրջափակման մեջ է պահում Հայաստանը:
«Միայն մեր միասնական պայքարը թուրքական ժխտողականության դեմ կարող է կանխարգելել նոր ցեղասպանությունների իրականացումը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ այլ ինչ է, քան պայքար հանուն համամարդկային արժեքների պաշտպանության»,-ընդգծել է ԱԺ փոխնախագահը:
Հայկական պատվիրակության ղեկավարն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությանը՝ նշելով, որ Արցախի անկախությունը կայացած փաստ է: Նա ընդգծել է, որ ի տարբերություն խանական Ադրբեջանի` Արցախում կառուցում են ժողովրդավարական երկիր: Էդուարդ Շարմազանովն արձանագրել է, որ տարածաշրջանային անվտանգության գլխավոր սպառնալիքները հանդիսանում են Թուրքիան և Ադրբեջանը:
Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը խոսել է նաև Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության մասին՝ նշելով, որ այդ երկրում բազմաթիվ են հայատյացության դրսևորումները: Էդուարդ Շարմազանովը դատապարտել է Ադրբեջանի վարած մշակութային ցեղասպանության քաղաքականությունը, ինչի վառ ապացույցը, նրա համոզմամբ, նախկինում հայերով բնակեցված և այսօր արդեն հայաթափված Նախիջևանում Ջուղայի դարավոր տասնյակ հազարավոր եզակի խաչքարերով գերեզմանոցի ոչնչացումն է:










