Ի՞նչ ակնկալիքներ, երբ նույն պրոցեսի մեջ ենք 20 տարուց ավելի. Շավարշ Քոչարյանը՝ սեպտեմբերի 8-ին նախատեսված հանդիպման մասին
ԼՂ հարցով առաջընթաց չի արձանագրվում մի շատ պարզ պատճառով. կողմերից Ադրբեջանը նույնիսկ սեղանի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններն է կոպտորեն խախտում։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցին այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ՝ անդրադառնալով Մոսկվայում սեպտեմբերի 8-ին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը:
«Քսան տարուց ավելի է մենք այս գործընթացի մեջ ենք: Պարբերաբար լինում են հանդիպումներ, բայց բոլորդ գիտեք, որ Ադրբեջանը խախտում է նույնիսկ այն պայմանավորվածությունները, որոնք սեղանի շուրջ են ձեռք բերվել: Ասվածի վառ վկայությունը Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումներն են, որոնց ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` պահպանել կայունություն շփման գծում, սակայն, իրական դաշտում, Ադրբեջանն, ըստ էության, խախտում է պայմանավորվածությունները»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, թե հենց այս հարցի շուրջ էլ հերթական անգամ քննարկում կունենան:
Դիտարկմանը, թե, այսինքն, ակնկալիքներ չկա՞ն, Քոչարյանը պատասխանեց. «Ի՞նչ ակնկալիքներ, երբ նույն պրոցեսի մեջ ենք 20 տարուց ավելի: Ակնկալիք կարող է լինել այն դեպքում, երբ Ադրբեջանը փոխի իր դեստրուկտիվ մոտեցումը: Տրամաբանական է. քանի կրակում են, քանի սադրում են, անհնարին է արդեն կարգավորման շուրջ բանակցություններում արձանագրել առաջընթաց»:
Քոչարյանից լրագրողները հետաքրքրվեցին քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի՝ ՌԴ տարածք մուտքի արգելքից և հարցրեցին, թե փոխադարձության սկզբունք գոյություն ունի՞ դիվանագիտական հարաբերություններում։ Այսինքն՝ Ստեփան Գրիգորյանի հետ տեղի ունեցածը նկատի ունենալով, Հայաստանը կարո՞ղ է արդյոք փոխադարձության սկզբունքը կիրառել Ռուսաստանի որևէ քաղաքացու նկատմամբ:
ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Ցանկացած երկրի իրավունքն է առանց որևէ բացատրության համապատասխան քայլեր կիրառել, դա Վիեննայի կոնվենցիայից է բխում, բայց այս դեպքը արտառոց է այն առումով , որ առաջին անգամ է, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններում այդպիսի բան է տեղի ունենում, այդ իսկ պատճառով մենք դիմել ենք ՌԴ-ի ԱԳՆ և սպասում ենք համապատասխան գործողությունների»:
Խոսելով ռազմական փոխօգնություն պայմանագրի մասին՝ Քոչարյանը նշեց. «Նախագիծը պատրաստ է, բայց դա Արցախի և Հայաստանի բարձր ղեկավարության որոշելու հարցն է»:










