Նավթը թանկանում է՝ ՌԴ-ի և Սաուդյան Արաբիայի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո

09:43 • 06.09.16

Նավթի համաշխարհային գները երեքշաբթի աճում են՝ շարունակելով նախորդ առևտրային սեսիայի դրական դինամիկան՝ նավթի շուկայի աջակցության շրջանակներում համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ձեռք բերած պայմանավորվածությունների ֆոնին: Այդ մասին վկայում են աճուրդների տվյալները, գրում է РИА Новости-ն:

 

Երևանի ժամանակով 08:36-ի դրությամբ Brent ապրանքանիշի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,23 տոկոսով՝ հասնելով բարելի համար 47,74 դոլարի: WTI ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 1,96 տոկոսով՝ հասնելով բարելի համար 45,31 դոլարի:

 

Երկուշաբթի օրը Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան պայմանավորվել են նավթի շուկայի կայունության աջակցության և երկարաժամկետ հեռանկարով ներդրումների կայուն մակարդակի ապահովման համար համատեղ կամ այլ արտադրողների հետ համագործակցությամբ գործողությունների մասին: Համապատասխան հայտարարությունը ստորագրել են երկրների էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակը և Հալիդ Ալ-Ֆալիհը: