Պուտինը Քարիմովի մահը «մեծ կորուստ» է անվանել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահն իր համար ծանր իրադարձություն և մեծ կորուստ է դարձել, հայտնում է РИА Новости-ն:
«Հատկապես վերջին տարիներին Իսլամ Աբդուգանիևիչ Քարիմովի հետ շատ բարի անձնական հարաբերություններ էին ստեղծվել, վստահության վրա հիմնված՝ ես կասեի: Այդ պատճառով ինձ համար դա շատ ծանր իրադարձություն է, մեծ կորուստ»,- ասել է Պուտինը՝ երկրի վարչապետ Շավքաթ Միրզիյոևի հետ հանդիպմանը:
Նա շնորհակալություն է հայտնել Ուզբեկստանի վարչապետին Սամարղանդ այցելելու և երկրի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի հիշատակը հարգելու հնարավորության համար:
«Նա այդքան բան է արել իր երկրի, իր ժողովրդի համար: Եվ խոսքը միայն կայունության մասին չէ, չնայած դա ցանկացած պետության, ժողովրդի բարգավաճման հիմքն է, և նա կարողացել է դա անել ամենածանր ժամանակներում»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մասնավոր այցով ժամանել է Սամարղանդ, որտեղ ծաղիկներ է դրել Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի շիրիմին:










