Ֆիլիպինների նախագահն ափսոսանք է հայտնել Օբամային «անբարոյականի զավակ» կոչելու համար

11:04 • 06.09.16

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային «անբարոյականի զավակ» կոչելու համար, հայտնում է The Guardian-ը՝ հավելելով, որ տհաճ միջադեպի հետևանքով Օբաման չեղարկել է ֆիլիպինցի ղեկավարի հետ ծրագրված հանդիպումը:

 

Դուտերտեի մամուլի խոսնակ Էռնեստո Աբելան նշել է, որ նախագահն ամենևին էլ նպատակ չի ունեցել անձնական վիրավորանք հասցնել Օբամային: Խոսնակը մանրամասնել է, որ 2 ղեկավարների հանդիպումը հետաձգվել է ավելի ուշ ժամկետի:

 

Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ Դուտերտեն Օբամային «անբարոյականի զավակ» է անվանել, երբ  Միացյալ Նահանգները քննադատել է Ֆիլիպինների նախագահի՝ թմրամոլների և թմրավաճառների դեմ հայտարարված արյունալի պատերազմը:

 

«Անբարոյականի զավակ, ես քեզ կանպատվեմ հանդիպման ժամանակ»,-ասել էր Դուտերտեն, ով Լաոսի մայրաքաղաքում պետք է հանդիպեր Օբամային:

 

«Իրականում ես չեմ ցանկանում վիճել նրա հետ: Նա աշխարհի ամենահզոր նախագահն է»,-ավելի ուշ պարզաբանել է ֆիլիպինցի ղեկավարը: Միևնույն ժամանակ, Դուտերտեն ասել է, որ իրեն բարկացնում են ԱՄՆ-ի պետդեպի մի շարք անդամներ, ովքեր անդադար խոսում են մարդու իրավունքներից:

 

Հայտնի է, որ մայիսին ընտրված նախագահն արյունալի պատերազմ է հայտարարել թմրամոլությանը, ինչի հետևանքով անցած մի քանի ամսվա ընթացքում երկրում սպանվել է ավելի քան 2.400 մարդ: