Ապարանում ՀՀԿ գրասենյակը Գոռ Աբրահամյանի նախընտրական շտաբը չէ. Ռուբեն Թադևոսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով Ապարանում ՏԻՄ ընտրությունների թեմային, ասում է, որ այնտեղ ստեղծվել է դասական մրցակցային նախընտրական իրավիճակ։ Նա նաև նշում է, որ ՀՀԿ գրասենյակը Գ. Աբրահամյանի նախընտրական շտաբ չէ և այնտեղ նախկինի նման ընթանում են կուսակցական ընթացիկ գործունեությանը բնորոշ առօրյա աշխատանքներ:
– Ինչ է կատարվում Ապարանում՝ ՏԻՄ ընտրությունների մասով, կմեկնաբանե՞ք Ապարանի քաղաքապետի հարցազրույցում հնչած մտքերը։
– Ապարանում ստեղծվել է դասական մրցակցային նախընտրական իրավիճակ: Այսպես, ՀՀԿ Ապարանի շրջանային կազմակերպությունը որոշել է աջակցել ՀՀԿ անդամ, արդեն տևական ժամանակ պաշտոնավարող Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանին, իսկ Արագածոտնի մարզի ՀՀԿ տարածքային կազմակերպությունը, որն, ըստ կուսակցության կանոնադրության, որոշումների ընդունման ավելի բարձր կարգավիճակ ունի, քննարկելով ստեղծված նախընտրական իրավիճակը, և հաշվի առնելով Ապարանում ինքնաառաջադրված երիտասարդ թեկնածու Էդգար Փարվանյանի դիմումը ՀՀԿ մարզային խորհրդին աջակցության խնդրանքով` որոշում է ընդունել սատարել Է. Փարվանյանին: Մարզային խորհրդի որոշումն ընդունելի է ՀՀԿ-ի համար և ընթացակարգային առումով ճիշտ է, և ամեն ինչ կարվի, որպեսզի ապահովվի ազատ, արդար և մրցակցային ընտրությունների ոգին՝ ի շահ Ապարանի ընտրողի: Ապարանի ընտրողներն իրենք կորոշեն, թե որ թեկնածուն է իր նախընտրական ծրագրերով արդարացնելու իրենց հույսերն ու ստանալու վստահության առավելագույն քվեն, իսկ մենք սիրով կաշխատենք մեծամասնության ընտրությանն արժանացած թեկնածուի հետ:
– Այդ դեպքում ինչո՞ւ են Ապարանում լուրեր տարածվում, որ կուսակցության ղեկավարն աջակցում է հենց գործող համայնքի ղեկավար Գ. Աբրահամյանին:
– Իմ կողմից վերոնշյալ իրողությունների շարադրումից հստակ հետևում է, որ որևէ մեկի կողմից Գ.Աբրահամյանի օգտին նման լուրերի տարածումը բացարձակապես կապ չունի իրականության հետ և ընդամենը քաղաքական մանիպուլյացիայի անհաջող օրինակ է:
– Իսկ այդ պարագայում ինչպե՞ս կմեկնաբանեք օրեր առաջ Գ. Աբրահամյանի նախընտրական շտաբի պաստառը Ապարանի ՀՀԿ գրասենյակի պատին փակցված լինելու հանգամանքը:
– Դա բացարձակապես այդպես չէ: Քաղաքապետի թեկնածուներից մեկի՝ Գ. Աբրահամյանի նախընտրական շտաբի պաստառը ՀՀԿ գրասենյակի պատին փակցված չէ, և չէր էլ կարող լինել՝ հաշվի առնելով իմ կողմից արդեն նշված մեր կուսակցության որդեգրած մրցակցային սկզբունքը: Իմ տեղեկություններով այդ պաստառը ներկայումս փակցված է կուսակցության գրասենյակին հարակից տարածքի` «Հայփոստ»-ի մասնաճյուղի պատին, որը ենթադրաբար թեկնածուն օգտագործելու է որպես իր նախընտրական շտաբ՝ սեփական քարոզչական տեխնոլոգիաների տրամաբանությունից ելնելով:
ՀՀԿ գրասենյակը չի հանդիսանում Գ. Աբրահամյանի նախընտրական շտաբ և այնտեղ նախկինի նման ընթանում են կուսակցական ընթացիկ գործունեությանը բնորոշ առօրյա աշխատանքներ:










