Մոտ 600 հազար սիրիացի ապրում է պաշարված քաղաքներում՝ ծանր պայմաններում. ՄԱԿ

17:14 • 06.09.16

Մոտ 600 հազար սիրիացի ապրում է պաշարված շրջաններում և քաղաքներում՝ չափազանց ծանր պայմաններում: Այս տարվա հունվարից ռազմական գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված խաղաղ բնակիչների թիվն աճել է ավելի քան 100 հազարով:

 

Այդ տվյալները ներկայացված են Ժնևում երեքշաբթի օրը հրապարակված Սիրիայում մարդու իրավունքների խախտումների հետաքննության հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի 12-րդ զեկույցում: Այն ընդգրկում է հունվարի 10-ից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածը:

 

«Մոտ 600 հազար քաղաքացիական անձ Դամասկոսի, Դեյր Զորի, Հոմսի և Իդլիբի շրջաններում շարունակում են տառապել շարունակվող պաշարումների հետևանքով առաջացած ծանր պայմաններից»,- նշում է հանձնաժողովը:

 

Ընդհանուր առմամբ, երկրի պաշարված և դժվարհասանելի շրջաններում «գոյատևման պայքար» է մղում ավելի քան 6 միլիոն մարդ:

 

Չնայած փետրվարին ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված համաձայնությունից հետո այդ վայրեր «մարդասիրական օգնության հասանելիության որոշակի բարելավմանը»՝ «հակամարտության կողմերի միջև անդադար համագործակցության բացակայությունը շարունակում է հանգեցնել սուր թերսնման և մահացության բարձր ցուցանիշի»: