«Թուրքական հոսքով» Եվրոպա գազի մատակարարումների մասին առաջարկն արել է Թուրքիան. «Գազպրոմ»
Թուրքական կողմն է առաջարկել քննարկել «Թուրքական հոսք» նախագծի շրջանակներում Եվրոպա գազի մատակարարումների հնարավորությունը Հունաստանի հետ սահմանով: Այդ մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը Հանչժոուից, որտեղ անցկացվում էր G20 վեհաժողովը:
«Թուրքական կողմն առաջարկել է բարձրացնել այդ գազամուղով («Թուրքական հոսք») Եվրոպա գազի մատակարարումների հարցը: Մասնավորապես, թուրքական կողմն առաջարկում է քննարկել եվրոպական շուկա Թուրքիա-Հունաստան սահմանի ուղղությամբ գազի մատակարարումների հնարավորությունը: Մենք պայմանավորվել ենք, որ այդ ուղղությամբ կսկսվեն ուսումնասիրություններ»,- նշել է նա:
Ավելի վաղ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին առաջարկվում է հասնել միջկառավարական համաձայնագրի նախագծի համաձայնեցմանն ու ստորագրմանը, ինչպես նաև՝ սկսել «Թուրքական հոսքի» առաջին ճյուղի իրականացման ուղղությամբ աշխատանքները:
«Թուրքական հոսք»-ով նախատեսվում է ռուսական գազը Սև ծովի հատակով հասցնել Թուրքիա։ Այնուհետ Թուրքիայի և Հունաստանի սահմանին ենթադրվում է գազային հանգույցի կառուցում, որով ռուսական գազը կհասցվի եվրոպական երկրներ։










