ԱՄՆ-ում վանդալները հրելով տապալել են Օրեգոնի պարկի ավազաքարը (լուսանկարներ, տեսանյութ)

14:33 • 06.09.16

ԱՄՆ Օրեգոն նահանգի Պետական բնապահպանական պարկում վանդալիզմի ակտ է տեղի ունեցել. մարդկանց մի խումբ շարունակաբար խփել ու փլուզել է Duckbill ավազաքարը:

 

Associated Press-ը գրում է, որ այգու այցելուներից մեկը նկարահանել է վանդալիզմի ակտն ու պատմել իր տեսածի մասին:

 

«Ես ընկերներիս հետ անօդաչու թռչող սարքով տեսանյութեր էի նկարահանում: Երբ սարքը երկինք բաց թողեցինք, քայլեցինք ավազաքարի ուղղությամբ ու տեսանք, որ մարդկանց մի խումբ հայտնվեց ու սկսեց տապալել ավազաքարը: Երբ այն սկսեց տատանվել, հանեցի բջջայինս ու նկարահանեցի: Չէի մտածում, որ այդ մեծ քարը կարող էր վնասվել, սակայն դրա մեջ ճեղք առաջացավ, ու նրանք հրելով տապալեցին այն»,- պատմել է ականատեսը:

 

Նա նաև նշել է, որ ինքն իր ընկերների հետ մոտեցել է խմբին ու ցանկացել է պարզել, թե ինչ է տեղի ունենում, իսկ վանդալները պատասխանել են, որ ավազաքարն իրենից անվտանգության սպառնալիք է ներկայացնում, քանի որ իրենց ընկերներից մեկը դրա պատճառով ոտքի կոտրվածք է ստացել:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Օրեգոնի պետական պարկերի ներկայացուցիչները հետաքննելու են միջադեպն ու պատժելու են մեղավորներին: