Ավստրալացի պատգամավորը խորհրդարանում իր առաջին ելույթի ընթացքում խոսել է հայկական արմատների մասին (տեսանյութ)
Ավստրալիայի 45-րդ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանում ելույթ ունենալիս Գոլդշտեյն համայնքից ընտրված պատգամավոր Թիմ Ուիլսոնը խոսել է իր հայկական արմատների մասին: Այդ մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:
Ուիլսոնն իր ելույթում անդրադարձել է իր դաստիարակությանը և ընտանիքին, ինչպես սովորաբար անում են առաջին ելույթների ժամանակ: Նա անդրադարձել է իր մորական պապի արյունալի անցյալին, ով ողջ է մնացել Հայոց ցեղասպանությոան ժամանակ, ինչը դարձել է Ուիլսոնի համար ոգեշնչման աղբյուր:
«Իմ մորական պապը վերապրել է իր ժողովրդի ցեղասպանությունը: Ես երբեք նրան չեմ հանդիպել: Նա մահացել է մինչև իմ ծնվելը: Բայց ես նրան դեռ տեսնում եմ ամեն օր, երբ նայում եմ հայելուն, նայում նրա սև հայկական աչքերին»,- ասել է նա։
«Մենք շնորհավորում ենք պարոն Ուիլսոնին պետական պաշտոնի անցնելու առթիվ իր հիանալի առաջին ելույթի համար: Նաև ուրախալի է տեսնել, որ պարոն Ուիլսոնը ոգեշնչում է գտնում իր ընտանիքի պատմությունից և հիշատակում է իր պապին, ով վերապրել է Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արին Մարգարյանը:










