Սթոլթենբերգը երկօրյա այցով ժամանում է Վրաստան

09:25 • 07.09.16

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը չորեքշաբթի երկօրյա այցով ժամանում է Վրաստան, որտեղ նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության փաթեթի իրականացման հարցերը: Այդ մասին հայտնել է գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը, գրում է ТАСС-ը:

 

Կքննարկվեն 2014 թվականի սեպտեմբերին Ուելսի վեհաժողովում ընդունված Վրաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցության փաթեթի իրականացման հարցերը, հստակեցրել է նա:

 

«Գլխավոր քարտուղարի այցը Թբիլիսի Դաշինքի կողմից երկրի աջակցության վկայությունն է»,- ասել է Ապաթուրայը:

 

Եվրատլանտյան ինտեգրման հարցերով Վրաստանի պետական նախարարության տվյալներով՝ այսօր Թբիլիսիում կկայանա ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ՝ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի մասնակցությամբ:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը սեպտեմբերի 8-9-ը կայցելի Թուրքիա, որտեղ կհանդիպի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի և մի շարք նախարարների հետ: