ՀՀԿ–ում Հովիկ Աբրահամյանի հնարավոր հրաժարականի մասին որևէ քննարկում չի եղել. Լեռնիկ Ալեքսանյան
Հայաստանի Հանրապետական կուսակցությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հնարավոր հրաժարականի մասին որևէ քննարկում չի եղել: Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչ տեղեկություններ ունի մամուլում հրապարակված լուրերի վերաբերյալ, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարական կտա, ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
«Ես մամուլից եմ լսել, այն էլ այսօր առավոտյան՝ ռադիոյով, գաղափար չունեմ: Ինձ համար զարմանալի էր, որ նման խոսակցություններ կան: Որևէ քննարկում չի եղել: Ըստ երևույթին ենթադրություններ են»,– ասաց նա:
Ըստ մամուլի տեղեկությունների՝ Հովիկ Աբրահամյանին փոխարինելու է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Tert.am-ի հարցին, թե կա՞ն նախադրյալներ վարչապետի հրաժարականի համար, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց կարճ. «Չկան»:
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի կառավարության արդյունավետությանը, ապա պատգամավորն ասաց, որ անհատի մասին խոսել պետք չէ, գործադիրի աշխատանքը պետք է գնահատել կառավարության ծրագրով:
«Հովիկ Աբրահամյանի հրաժարականի համար ո՛չ նախադրյալներ եմ տեսնում, ո՛չ մասնավոր խոսակցություններ եմ լսել»,- նշեց Ալեքսանյանը:










