Մերկելը կոչ է արել ԱՄՆ-ին և Ռուսաստանին արագ կարգավորել Հալեպում իրավիճակը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն պետք է շտապ համաձայնեցնեն կրակի դադարեցման պայմանները Հալեպում, որտեղ տառապում են խաղաղ բնակիչները, իսկ բժշկական հաստատությունները ռմբակոծությունների են ենթարկվում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ես կարող եմ միայն հուսալ, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն կկարողանան առաջընթաց գրանցել հրադադարի մասին համաձայնագրի ճանապարհին, որ բժիշկների և բժշկական հաստատությունների ռմբակոծությունները կդադարեն: Այնտեղ տառապում են քաղաքացիական անձինք: Նման բանն անհնար է արդարացնել»,- հայտարարել է կանցլերը:
Հալեպի մոտ 250 հազար բնակիչ դեռևս մնում է ապստամբների կողմից գրավված տարածքներում, որոնք փորձում են արգելափակել կառավարական զորքերը:
Սպասվում էր, որ Հալեպում հակամարտության կողմերի միջև հրադադարի մասին ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համաձայնագրի ձեռքբերման մասին կհայտարարվի Չինաստանում տեղի ունեցած G20 վեհաժողովի ժամանակ: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ Վաշինգտոնը և Մոսկվան դեռ չեն կարողացել պայմանավորվել:










