Մինսկի մոտակայքում հայտնաբերվել են «Շտալագ 382» համակենտրոնացման ճամբարի 2.000 գերիների մնացորդները (լուսանկարներ, տեսանյութ)
Բելառուսի Մինսկի շրջանի Բորիսով քաղաքում հայտնաբերվել են «Շտալագ 382» համակենտրոնացման ճամբարի 2 հազար գերիների մնացորդները, հաղորդում է Белорусская военная газета-ն:
Նշվում է, որ ի սկզբանե մնացորդները հայտնաբերել են շինարարները, ովքեր շինության բետոնային հիմնասյուներ տեղադրելու համար հորեր փորելիս են եղել: Նրանք կանչել են մասնագետներին, որոնք էլ 3 ամսվա ընթացքում հողից հանել են մոտ 2 հազար մարդկային մնացորդ:
Աղբյուրը մանրամասնում է, որ զոհված զինվորականներից երեքի անձը հաստատվել է մեդալիոնների օգնությամբ, ևս 8 մեդալիոն նախապատրաստվել է փորձաքննության համար: Մահացածները 20-40 տարեկան են եղել:
Նշենք, որ ռազմագերիների համար նախատեսված «Շտալագ 382» ֆաշիստական համակենտրոնացման ճամբարը տեղակայված է եղել Բորիսով քաղաքում` ներկայիս կապի գնդի տարածքում: Գերիների մեծ մասը ներգրավված է եղել քաղաքի ձեռնարկությունների աշխատանքներում: Գերիների հիշողությունների համաձայն` ճամբարում պահվել է մոտ 50 հազար մարդ:















