Մեկնարկել է «Հոգևոր Հայաստանի» հիմնադիր համաժողովը. Մանսուրյանը մաղթեց բեղմնավոր ծրագիր

14:16 • 07.09.16

Կոմպոզիտորների միությունում տեղի  է ունենում «Հոգևոր Հայաստան» համահայկական հիմնադիր համաժողովը, որին մասնակցում են հասարակական գործիչներ, կոմպոզիտորներ, պատմաբաններ, մտավորականներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Համաժողովը  մեկնարկեց Սայաթ Նովայի «Աշխարհումս ախ չիմ քաշի» երգի կատարմամբ, այնուհետև ելույթ ունեցավ դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը:

«Վահան Տերյանը նման մի միտք է ձևակերպել, որ շատ են մտավորականության մեղքերը, բայց այսօրվա մեղքը կարող է վերջինը լինելը և նա համախմբման կոչ էր արել: Փաստորեն այսօր հավաքվել ենք նույն կոչի շուրջ: Վիճակը ծայրահեղ է, օրհասական, սակայն յուրաքանչյուր պրոբլեմ իր լուծումն ունի»,- ասաց Չալիկյանն ու ներկայացեց «Հոգևոր Հայաստանի» օրակարգը:

Նրա խոսքով՝  համաժողովին հռչակվելու է  նոր մտավորականության հայտնությունը, որը տեր է կանգնելու իր խոսքին և ներկայացվելու է «Հոգևոր Հայաստանի» անհրաժեշտության հիմնավորումը  փորձ  է արվելու ներկայացել տեսլականներն ու անելիքները.«Սա վերաբերում է ոչ միայն դահլիճում ներկա գտնվողերին, այլ ողջ հայությանը, երկիրը վերածնելը ողջ հայության խնդիրն է, որովհետև մեր փրկության և անվտանգության միակ երաշխիքը համայն հայության միասնությունն է»:

Այնուհետև, խոսքով, խնդրեցին հանդես գալ Տիգրան Մանսուրյանին, որը նույնպես հրավիրյալների թվում էր: Տիգրան Մանսուրյանն ասաց, որ այս հավաքն ու իր մեջ պարունակող ծրագիրն իր սրտին շատ մոտ է։

«Այս ծրագիրն իմ սրտին մոտ է: Մենք հաճախ անցնում ենք ընդվզումների միջով, լուրջ ցավերի միջով, աստծո տված չարչարանքից ավելի ցավի միջով, և ինչքան շատ են դրանք մեր շուրջ:  Երբեմն, դրա հետ ու արդյունքում գոյանում է չարությունը, որն իմ խորին համոզմամբ, հազիվ, թե մեզ իսկապես առաջնորդող հանդիսանա, քանի որ մենք՝ հայերս, աստվածատուր ժողովուրդ ենք և մեր ճակատագիրն ու ճանապարհն անցել է խոնարումով, համբերությամբ, և երբ այդ հիմքի վրա գոյանում է «հոգևոր Հայաստան» արտահայտությունը, ես ասում եմ՝ այո՛, սրա անհրաժեշտությունը կա: Մենք պետք է իրար շատ սիրենք, որովհետև ամեն մեկս մի տեսակի կրողն ենք, նույն տեսակից երեք հայ չկա, մի հայ կա, եթե մեկին վնասենք՝ տեսակն է վերանում: Պետք է սիրենք իրար»,–ասաց նա:

Տիգրան Մանսուրյանը մաղթեց, որ «Հոգևոր Հայաստանի» հավաքը, ծրագիրը երկար լինի, բեղմնավոր և իր շուրջը հավաքի շատ-շատերին: