«Սիրիական ազատ բանակ»-ը ևս 6 գյուղ է խլել ԻՊ-ից

16:13 • 07.09.16

«Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից խլել է սիրիական Մանբիջի շրջանի ճանապարհին գտնվող ևս 6 գյուղ, գրում է թուրքական Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը: 


Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ «Եփրատի վահան» ռազմական գործողության շրջանակում «Սիրիական ազատ բանակ» խմբավորումն ԻՊ-ից խլել է ևս 6 գյուղ: Այդ գյուղերն են՝ Վուքուֆ, Սադվի, Էլ Էյուբբիահ, Շանդի, Սինեկլի, Աբուբիյաթ: 

Նշենք, որ ավելի վաղ խմբավորման ղեկավարներից գնդապետ Օսմանը հայտարարել էր, որ իրենք շարժվում են դեպի Մանբիջ, որը գտնվում է քրդական ուժերի ձեռքում: 


Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը որոշ ժամանակ առաջ մտել են Սիրիայի տարածք՝ ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Գործողության անվանումը թուրքական ԶՈՒ-ն կնքել է «Եփրատի վահան»: 


«Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու Սիրիայի տարածքում գտնվող թուրքմենական ջոկատներն աջակցում են թուրքական ԶՈՒ-ին այս գործողությունների շրջանակներում: