Թուրքիայի իշխանությունները խլել են թուրք նախարարի հետ հարցազրույցի ձայնագրությունը. Deutsche Welle
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Deutsche Welle մեդիաընկերության ծրագրի համար երկրի երիտասարդության և սպորտի նախարար Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հետ արված հարցազրույցը:
Նախարարի հետ զրուցել է լրագրող Միշել Ֆրիդմանը երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 5-ին, գերատեսչության շենքում:
Թե ինչ թեմաների մասին պետք է խոսեն՝ նախապես տեղյակ է պահվել գերատեսչության աշխատակիցներին:
Ֆրիդմանը զրուցակցի հետ քննարկել է Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը, դրան հաջորդած ձերբակալությունները, Թուրքիայում ազատ խոսքի հետ կապված իրավիճակը:
Հարցազրույցի ավարտին, երբ Քըլըչն արդեն հեռացել էր նկարահանումների վայրից, նախարարության մամուլի քարտուղարը հանկարծ հայտարարել է, որ Deutsche Welle ընկերությանն արգելվում է հրապարակել հարցազրույցը:
Չնայած DW-ի լրագրողների թիմի բողոքին՝ նկարահանված ողջ նյութն առգրավվել է Երիտասարդության և սպորտի հարցերով նախարարության աշխատակիցների կողմից:










