Հնչեցնում ենք զանգը, որ համայն հայության հույսը, պոտենցիալը, կամքը միավորենք. «Հոգևոր Հայաստան»-ի անդամ

16:51 • 07.09.16

«Հոգևոր Հայաստան» նախաձեռնությունը հիմնել են 8 մտավորականներ, ովքեր մտահոգ են երկրի ապագայի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության անդամ Եղիշե Պետրոսյանը:

«Այս պահից սկսած՝ ընդգրկված կլինեն բոլոր այն շահագրգիռ մտավորականները, որոնց համար միևնույն չէ, թե Հայաստանն ինչ ապագա կունենա: Նախաձեռնել ենք 8 հոգով, սա զուտ նախաձեռնություն է, որևէ ղեկավարական մեխանիզմներ չունի: Մենք հնչեցնում ենք զանգը, որ կա սպառնալիք, և չի էլ բացառվում, որ մեր տարածաշրջանում նոր փոթորիկներ լինեն, իսկ մենք այսպես թռի-վռի ճպուռի կյանքով ապրելու իրավունքը չունենք: Մենք հնչեցնում ենք զանգը, որ համայն հայության հույսը, պոտենցիալը, կամքը միավորենք: Մենք կոչ ենք անում ընդամենը ստեղծել հարթակներ և սահմանում ենք այն նշաձողը, որը երազում ենք մեր ազգի ու պետության համար»,-ասաց Պետրոսյանը:

Պետրոսյանն ասաց, որ առաջարկում են մտավորականներին, որ նրանք կարողանան ինքնակազմակերպվել, ստեղծել կլոր սեղաններ, նույնը տնտեսագետները, դիվանագետները, զինվորականները, գիտնականները և գործարարները , որպեսզի Հայաստանը հասնի իր բաղձալի երազանքին, և ունենանք արդար, մարդասիրական, հարուստ, ինքնավստահ պաշտպանված երկիր և ազգ:

Հարցին, թե որն է լինելու նախաձեռնության հետագա ընթացքն ու ձևաչափը, Եղիշե Պետրոսյանն ասաց, որ նախաձեռնությունը կուսակցություն չի դառնալու, այն ընդամենը անհանգիստ մտավորականների հավաք է, ովքեր ցանկանում են կամուրջ դառնալ տարբեր ոլորտների ներկայացուցիչների, սփյուռքի ու համայն հայության միջև. «Ասում ենք՝ հավաքվենք և մեր երազանքներն իրականություն դարձնենք: Մեզ պետք է աջակցի նաև պետությունը, մենք այս ամենն անում ենք, որպեսզի ունենանք համահայկական համաժողով, որտեղ կբարձրացվեն մեր ազգի ամենահուզող հարցերը, և դրանք պարզապես ճառեր չեն լինի»:

Եղիշե Պետրոսյանն ասաց, որ իրենք շարունակելու են կամավորականների նման անել այս աշխատանքները:

Դիտարկմանը, թե նպատակների բարձր նշաձող է սահմանված, սակայն ընթացքը պարզ չէ, Եղիշե Պետրոսյանը չհամաձայնեց. «Ինչո՞ւ է անպարզ, եթե մենք որքան գիտական ունենք, բոլորին կարողանում ենք համոզել,որ իրենք կարող են համատեղ նախագծեր իրականացնել և արժե, որ այդ նախագծերը Հայաստանից դուրս գան, դա վա՞տ բան է, ոչ»:

Tert.am-ի հարցին, թե ե՞րբ է պարզ լինելու օրակարգը և ինչպե՞ս է սահմանվելու այն, Եղիշե Պետրոսյանն ասաց, որ այսօրվանից սկսում են աշխատանքները. «Կլինեն առաջարկներ, որոնք կքննարկվեն: Մենք պլանավորում ենք, որ հոկտեմբերի վերջին տեղի կունենա համահայկական համաժողով։ Կազմակերպչական բարդություններից ելնելով՝ օր չեմ ասի, որովհետև ֆինանս չունենք և դեռ բանակցությունների մեջ ենք»:

Հիշեցնենք, որ այսօր Կոմպոզիտորների միությունում տեղի ունեցավ «Հոգևոր Հայաստան» համահայկական հիմնադիր համաժողովը, որին մասնակցում են հասարակական գործիչներ, կոմպոզիտորներ, պատմաբաններ, մտավորականներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: