Հովիկ Աբրահամյանը վստահ է Կարեն Կարապետյանի փորձի, ունակությունների ու գիտելիքների վրա

23:11 • 08.09.16

ՀՀԿ խորհրդի նիստում այսօր ելույթ է ունեցել ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀԿ նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ու նիստին ներկա գործընկերներին վստահության համար և նշել, որ իր պաշտոնավարման անցած երկու տարիների ընթացքում, երբ իրեն վստահվեց կառավարության ղեկավարի պաշտոնը, թիմի հետ միասին փորձեց ամեն ինչ անել, որպեսզի հաղթահարվեն ներքին և արտաքին մարտահրավերները, որի մասին մանրամասն խոսել է  նաև կառավարության այսօրվա նիստում: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է  ՀՀԿ-ի կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված թեկնածուին՝ Կարեն Կարապետյանին, մաղթել հաջողություններ:

Նա նշել է, որ Կարեն Կարապետյանը, ում շատ լավ է ճանաչում և վստահ է նրա փորձի, ունակությունների ու գիտելիքների վրա, կշարունակի կառավարության գործունեությունը՝ ամեն ինչ անելով, որպեսզի մեր երկիրը գնա առաջ, տնտեսությունը զարգանա, և ժողովուրդն ապրի բարեկեցիկ կյանքով: Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նաև շնորհակալություն է հայտնել Հանրապետականի իր գործընկերներին, ամբողջ թիմին՝ հանձինս Հանրապետության Նախագահի:

Շնորհակալություն է հայտնել նաև խորհրդարանին՝ այն աջակցության համար, որ իր գլխավորած կառավարությունն անցած երկու տարիների ընթացքում ստացել է խորհրդարանում: