Պարալիմպիկ խաղերի բացմանը Բելառուսի հավաքականը ծածանել է Ռուսաստանի դրոշը (լուսանկարներ)
Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքում տեղի է ունեցել Պարալիմպիկ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում գրանցվել է ուշագրավ միջադեպ:
Ինչպես նշում է ria.ru-ն, Բելառուսի հավաքականը «Մարականա» մարզադաշտով անցնելու ժամանակ իրենց ազգային դրոշի հետ մեկտեղ ծածանել է նաև հարևան Ռուսաստանի եռագույնը: Հայտնի է, որ ռուսական դրոշը մարզադաշտով տարել է մի տղամարդ, սակայն վայրկյաններ անց եռագույնը նրա ձեռքից խլել են:
Աղբյուրը մանրամասնում է, որ Միջազգային պարալիմպիկ կոմիտեն (ՄՊԿ) տվյալ միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսել:
Նշվում է, որ բելառուսների դեմարշը դուր չի եկել ՄՊԿ-ին, որը, հնարավոր է, պատժամիջոցներ կկիրառի կարգը խախտած բելառուս մարզիկի նկատմամբ:
Հիշեցնենք, որ ՄՊԿ-ն օգոստոսի 7-ին հայտնել է ռուս մարզիկներին որակազրկելու մասին, ինչը պայմանավորված է դոպինգային սկանդալով:













