«Պայքարի արդյունքում ինսուլտ եմ ստացել և ինֆարկտ, իսկ քաղաքապետը թագավոր է, ինչ ուզում, անում է». Վանաձորի բնակիչը մնացել է փողոցում

13:06 • 08.09.16

Վանաձոր քաղաքի բնակիչ Մարտին Օհանյանը ընտանիքի երկու անդամների հետ մնացել է դրսում. քաղաքապետ Սամվել Դարբինյանը վաճառել է այն տարածքը, որտեղ սեփականության իրավունքի բացակայությամբ, սակայն 1993-ից ի վեր ապրել է Օհանյանների ընտանիքը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարտին Օհանյանը:

«Սամվել Դարբինյանը 2003-ին վաճառել է այն տարածքը, որտեղ  1993-ից ի վեր բնակվել ենք մենք: Ընդ որում, վաճառել է առանց տեղեկացնելու: 2004-ին գնացել եմ տարածքի հարցով, մեկ էլ պարզվել է, որ այն մեկ տարի առաջ եղել է վաճառված: Այդ պահից սկսած պայքարել եմ, պայքարել եմ և այդ պայքարի արդյունքում ստացել եմ մի հատ ինսուլտ, մի հատ էլ ինֆարկտ: Մեր քաղաքապետը թագավոր է, ինչ ուզում անում է»,-ասաց Օհանյանը:

Նա նաև հայտնեց, որ սեպտեմբերի 6-ից հացադուլ է հայտարարել, կանգնած է քաղաքապետարանի մոտ, սակայն քաղաքապետը հայտնել է, թե տեղյակ չէ, որ հացադուլ հայտարարած քաղաքացի կա:

«Ես դատարան չեմ դիմել, ցանկանում եմ, որ մարդավարի լուծվի այս հարցերը, սակայն մեր քաղաքապետն արքա է, ինչ ուզում անում է: Բոլոր տնակային ավանները վաճառել է, երևի միակն  է մնացել, բոլորին հանեցին տներից։ Սեփական դատավոր, դատախազ, ինչ ասես ունի»,-ասաց Օհանյանն ու հավելեց, որ ընտրություններից հետո էլ քաղաքապետը  կգնա Հավայան կղզիներ հանգստանալու, իսկ ինքը մնացել է դրսում ուսանող որդու և կնոջ հետ:

Մարտուն Օհանյանն ասաց, որ չնայած հացադուլ է հայտարարել, սակայն կարծում է,որ խնդրի մասին պատկան մարմիններին տեղեկացնելով՝ հարցը հնարավոր է լուծվի: Նա ասաց, որ այդ մասին հայտնել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին:

Վաճառված տարածքի և քաղաքացու բնակվելու հարցի առնչությամբ Վանաձորի քաղաքապետից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: