Զինվորը հետմահու պարգևատրվել է իր մարտական պարտականությունները կատարելու համար. Դավիթ Բաբայանի պարզաբանումը
Սեպտեմբերի 7-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Արման Ալիկի Ղանդիլյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, որովհետև նա կատարում էր իր ծառայողական պարտականությունները:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով հարցին, թե ՊԲ-ի հայտարարության համաձայն՝ զինծառայողը զոհվել է մարտական հերթապահության կրման կանոնների խախտման հետևանքով:
«Որովհետև այդ մարդիկ կատարում էին մարտական առաջադրանք, այստեղ խնդիրն այն չէ, թե ինչպես է զոհվել զինվորը, խնդիրն այն է, որ նա կատարում էր իր ծառայողական պարտականությունները»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ-ն սեպտեմբերի 7-ին հաղորդագրություն տարածեց այն մասին, որ նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Արման Ալիկի Ղանդիլյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նույն օրը, Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արման Ղանդիլյանը ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։










