Իրաքում պատերազմ սկսելու որոշումը սխալ էր. Քլինթոն
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը նախկինի պես պնդում է, որ Իրաքում Միացյալ Նահանգների ռազմական արշավ սկսելու որոշումը սխալ էր, հայտնում է ТАСС-ը:
«Ես կարծում եմ, որ Իրաքում պատերազմ սկսելու որոշումը սխալ էր, և ես արդեն ասել եմ, որ նախագահ (Ջորջ) Բուշին այդ լիազորությունները պատվիրակելու համար տված իմ ձայնն իմ սխալն է եղել»,- ասել է Քլինթոնը՝ MSNBC հեռուստաալիքի եթերում պատասխանելով ԱՄՆ ԶՈւ վետերանների հարցերին:
Նա նաև կոչ է արել «սովորել սխալների վրա»: «Մենք պետք է հասկանանք, թե ինչն է բերել մեզ դրան, որպեսզի նման բան այլևս տեղի չունենա»,- նշել է նա:
Քլինթոնը նաև հայտնել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնին ընտրվելու դեպքում չի ուղարկի ցամաքային զորքեր Իրաք և Սիրիա՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի աջակցել տեղի ուժերին, որոնք պայքարում են իսլամիստների դեմ, «այդ թվում՝ քրդերին և իրաքյան բանակին»:










