Հյուսիսային Կորեայում արգելել են իշխանություններին ուղղված հեգնանքը. The Daily Mail
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն արգելել է երկրի քաղաքացիներին խայթող հեգնանք օգտագործել ամենօրյա խոսակցությունների ժամանակ, գրում է The Daily Mail-ը:
Երկրի վարչակարգին ուղղված հեգնանքը և անգամ իշխանությունների անուղղակի քննադատությունը չի ներվի, հայտնել են Հյուսիսային Կորեայից աղբյուրները:
Իշխանություններն այս նախազգուշացումները հայտնել են կենտրոնական իշխանական մարմինների կողմից կազմակերպված զանգվածային հանդիպումների ժամանակ:
«Պետական անվտանգության ոլորտի մի պաշտոնյա անձամբ հանդիպում է կազմակերպել՝ տեղի բնակիչներին նախազգուշացնելու համար «ներքին ապստամբ մասնիկների կողմից» հնարավոր «թշնամական գործողությունների» մասին»-, ասել է Չինաստանին սահմանակից շրջաններից մեկում աղբյուրը:
«Ուղերձի հիմնական իմաստը «բերանները փակ պահելն է»,- ասել է աղբյուրը՝ խոսելով անանունության պայմանով:
Նույն ուղերձն է հղվել նաև մեկ այլ շրջանում օգոստոսի 28-ին կազմակերպված հանդիպման ժամանակ, ասել է մեկ այլ աղբյուր:










