Ճապոնական Nintendo-ի բաժնետոմսերի արժեքը կտրուկ բարձրացել է Apple-ի հետ համագործակցելու մասին լուրերի ֆոնին
Ճապոնական Nintendo ընկերության բաժնետոմսերի արժեքը Տոկիոյում սեպտեմբերի 8-ին կայացած աճուրդի ժամանակ բարձրացել է ավելի քան 13 տոկոսով` ընկերության կապիտալացմանը գրեթե 4 մլրդ դոլար ավելացնելով:
BBC-ի փոխանցմամբ` արժեքի բարձրացումը կապում են ներդրողների հույսերի հետ, որ Apple-ի հետ նախօրեին ներկայացված համատեղ նախագիծը կկրկնի Pokemon Go խաղի հաջողությունը:
Տոկիոյի բորսայում այսօր առավոտյան տեղի ունեցած աճուրդի տվյալներով՝ խաղային ընկերության բաժնետոմսերի արժեքը հասել է իր գագաթնակետին:
Սեպտեմբերի 7-ին Սան Ֆրանցիսկոյում կայացած միջոցառման ժամանակ Apple-ի ղեկավար Թիմ Կուկը հայտարարել է Nintendo-ի հետ համատեղ մի շարք ծրագրերի գործարկման մասին, որի սկիզբը կտրվի iPhone-ի նոր մոդելի համար «Սուպեր Մարիո» խաղի վերաթողարկմամբ:










