Երբ նախագահը քարտ բլանշ տա Կարեն Կարապետյանին, խոստացած փոփոխություններն իրական կլինեն. Գագիկ Համբարյան

14:23 • 09.09.16

Նախագահը երևի հասկացել է, որ այս տեմպերով շարունակել ղեկավարել երկիրը մի փոքր սխալ է. դա մեծ խնդիրներ է առաջացնելու ոչ միայն ՀՀԿ-ի, այլ նաև հանրապետության համար: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթին։

«Կարծում եմ՝ 2008 թվականից հետո մենք չենք կարողացել ոտքի կանգնել: Տիգրան Սարգսյանի վարչապետությունն ընդհանրապես ծանր նստեց Հայաստանի վրա, իսկ Հովիկ Աբրահամյանն էլ չկարողացավ այն վարչապետը լինել, ով կարող էր իր գիտելիքներով կամ ընդունակություններով դուրս բերել մեր երկիրն այս ճգնաժամից: Ժողովուրդը հիմա մեծ հույսեր է կապում Կարեն Կարապետյանի հետ և, իմ կարծիքով, շատ քիչ կլինեն այն մարդիկ, ովքեր կքննադատեն նախագահի այս որոշումը»,- ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով նախագահի՝ կտրուկ փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությանը, Գագիկ Համբարյանը նախ ողջունեց այն, այնուհետ նկատեց, որ շատ ենք լսել կտրուկ փոփոխությունների մասին հայտարարություններ, սակայն հետո պարզվել է, որ այդ կտրուկ փոփոխությունները ռոտացիա էին, այսինքն՝ նույն մարդիկ տարբեր տեղերում էին հայտնվում: «Հուսով եմ, որ այս անգամ էլ այդպես չի լինի: Հույս ունեմ, որ կառավարության մեծ մասը կփոխվի և կգան բանիմաց, ավելի ակտիվ, երիտասարդ ու նոր դեմքեր, որոնց հասարակությունը կգնահատի իրենց աշխատանքի շնորհիվ, որովհետև այն, ինչ մենք ունենք հիմա կառավարությունում, հոգնեցուցիչ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նախագահի այն դիտարկմանը, թե մենք դանդաղելու իրավունք և ժամանակ չունենք, Գագիկ Համբարյանի կարծիքով՝ պահի լրջությունը նախագահը գիտակցեց «Սասնա ծռեր» խմբի գործունեությունից հետո: «Նախագահը պետք է հասկանար, թե ինչու հանցագործություն գործած անձինք այսպես հերոսացվեցին հասարակության կողմից: Սա խնդիր է իշխանության համար, այսինքն՝ ինչ իրավիճակում է հայտնվել հասարակությունը, որ ողջունում է այսպիսի քայլերը: Նախագահը շատ ճիշտ է գնահատում, երբ ասում է, որ մենք հապաղելու տեղ չունենք: Հապաղելու տեղ չունենք նաև ապրիլի 1-ից հետո»,- ասաց նա:

Ըստ Գագիկ Համբարյանի՝վարչապետի փոփոխությունը քայլ է ազգային համաձայնության իշխանության ձևավորման մասով, ինչի մասին վերջերս հայտարարել էր Սերժ Սարգսյանը: «Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելը շատ ճիշտ քայլ է, հիմա պետք է տեսնել՝ նախարարներ կփոխվե՞ն, որովհետև միայն վարչապետ փոխելով հարց չի լուծվի: Հասարակության համար խոստացված փոփոխություններն իրական կլինեն մեկ դեպքում, երբ երկրի նախագահը քարտ բլանշը տա Կարեն Կարապետյանին, իսկ քարտ բլանշը մեկն է՝ անձեռնմխելիների կաստայի վերացումը ՀՀ-ում: Այդ քրեաօլիգարխիկ զանգվածը, որը շատ արտոնյալ է իրեն զգում, եթե շարունակի նույն կերպ, հասարակությունը նորից հուսախաբ կլինի»,-ասաց նա: