ՖԻՖԱ-ն նոր գործ է բացել Յոզեֆ Բլատերի դեմ
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) էթիկայի հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին նոր հետաքննություն է սկսել կազմակերպության նախկին նախագահ Յոզեֆ Բլատերի նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, գործ է հարուցվել նաև ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի և նախկին ֆինանսական գծով տնօրեն Մարկուս Կատների նկատմամբ: Նրանք բոլորն էլ կասկածվում են կաշառք վերցնելու մեջ:
ՖԻՖԱ-ի ներքին հետաքննության արդյունքների համաձայն` Ֆուտբոլային ֆեդերացիայի 3 նախկին ղեկավարները 5 տարում 79 մլն շվեյցարական ֆրանկ արժողությամբ պարգևներ և մրցանակներ են յուրացրել:
Հիշեցնենք, որ Բլատերին Էթիկայի հանձնաժողովի քննչական պալատի որոշմամբ որակազրկել էին 6 տարով: Ֆուտբոլային գործունեությունից հեռացրել են նաև Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության` ՈւԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինիին, ով դրամական փոխանցումներ կատարելիս համագործակցել է Բլատերի հետ:










