ՌԴ-ում ՀՀ դեսպանը Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

19:57 • 09.09.16

ՀՀ Անկախության հռչակման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Սանկտ-Պետերբուրգի ՀԱՊԿ խորհրդարանական կենտրոնում ս/թ. սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը ՌԴ Լենինգրադի մարզի և Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքային կառույցների ղեկավարների և անվանի ներկայացուցիչների հետ. տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։ 

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպմանը դեսպան Եսայանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի՝ անկախության տարիների առանցքային ձեռքբերումներին, հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների արդի փուլին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին և ՀՀ արտաքին քաղաքականության այլ առաջնահերթ հարցերին:

Իր ելույթում դեսպան Եսայանն ընդգծել է նաև հայ համայնքի դերակատարության կարևորությունը՝ հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման և խորացման գործում, ինչպես նաև շնորհակալություն  հայտնել Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ անկախության տարիներին Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած աջակցության և Հայրենիքի հետ կապի ամրապնդման գործում շարունակական ջանքերի ներդրման համար: 

Հանդիպմանը քննարկվել են նաև Լենինգրադի մարզի և Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի գործունեությանն առնչվող տարաբնույթ հարցեր: Միջոցառման ավարտին դեսպան Օ.Եսայանը պատասխանել է ներկաների հարցերին: