2007-2015թթ. ՀՀ դեմ ՄԻԵԴ վճիռների համար ՀՀ կառավարությունը վճարել է ավելի քան 660 000 եվրո. զեկույց

17:17 • 09.09.16

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ուսումնասիրել է 2007թ-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը Հայաստանում Մարդու իրավունքների դատարանի վճիռների կատարման ընթացքը և արձանագրված խախտումները:

Ըստ զեկույցի՝ 2007-2015թթ. Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ում կայացվել է 55 վճիռ և ընդդեմ Հայաստանի կայացված վճիռների համար կառավարությունը վճարել է ընդհանուր առմամբ ավելի քան 663 հազար եվրո:

Ըստ զեկույցում ներկայացված փոխհատուցված գումարների չափի՝ 2007թ-ին ՄԻԵԴ-ն ընդդեմ ՀՀ-ի կայացրել է մեկ վճիռ և «Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով կառավարությունը վճարել է 4000 եվրո:

2008թ-ին կայացված 4 վճիռներով ՀՀ կառավարությունը ընդհանուր վճարել է 38 225 եվրո:

2009թ-ին Հայաստանի դեմ կայացվել է 8 վճիռ, որի դիմաց վճարվել է 36 500 եվրո:

2010 թ-ին՝ կայացվել է 6 վճիռ, վճարվել՝ 30945 եվրո:

2011թ-ին կայացվել է 1 վճիռ՝ և «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճարվել 20 000 եվրո:

2012թ-ին աննախադեպ թվով վճիռներ են կայացվել՝ 18 վճիռ, ընդհանուր վճարվել՝ 137 433 եվրո:

2013թ-ին ՄԻԵԴ-ն ընդդեմ ՀՀ-ի կայացրել է 7 վճիռ, վճարել՝ 155 655 եվրո:

2014թ-ին ըստ զեկույցի՝ կայացել է մեկ վճիռ, որի դիմաց վճարվել է 6030 եվրո:

2015թ-ին կայացվել է 9 վճիռ, վճարվել՝ 234 820 եվրո:

Զեկույցում նշվում է, որ որոշ գումարներ այդ հաշվարկներում ներառված չեն։