ՀՀ նոր վարչապետը տեխնոկրատ է համարվում, և նրանից ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների մակարդակի բարձրացում է ակնկալվում. Газета-ի անդրադարձը

12:23 • 09.09.16

Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի փոփոխությունը, փորձագետների կարծիքով, հաջորդել է զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը, գրում է gazeta.ru կայքը՝ անդրադառնալով Հայաստանում վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականին և «Газпром Межрегионгаза»-ի թոփ մենեջեր Կարեն Կարապետյանի՝ պաշտոնին նշանակվելուն:


Նոր վարչապետը տեխնոկրատ է համարվում, և նրանից Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների մակարդակի բարձրացում են ակնկալում: Կայքը հիշեցնում է, որ վերջերս ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել, այսպես կոչված, ազգային համաձայնության կառավարության ձևավորման մտադրության մասին հայտարարությամբ: Նրա այդ հայտարարությունը փորձագետները կապում են (աղբյուրի ձևակերպմամբ) «Սասնա ծռեր»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի պահանջի հետ: Նման կառավարություն ենթադրվում էր ստեղծել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն նախագահը որոշել է շտապ անցնել ներքաղաքական փոփոխությունների, ինչով էլ բացատրվում է վարչապետի հրաժարականը:


Լրատվամիջոցը մեջբերում է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին, ով, խոսելով վարչապետի պաշտոնին Կարեն Կարապետյանի թեկնածության մասին, հույս է հայտնել, որ նա կկարողանա է՛լ ավելի կոնսոլիդացնել կառավարությունը:

 
«Կարեն Կարապետյանը հայտնի է որպես ժամանակակից հայացքներով մարդ, ով բարդ խնդիրներ է դնում և լուծում է դրանք: Ընդ որում՝ նրա նախկին աշխատանքի փորձը ցույց է տվել, որ նա լավ կառավարիչ է»,- նշել է Աղվան Վարդանյանը:


«Վարչապետի հրաժարականը ցույց է տալիս, որ փոխզիջումների և, այսպես կոչված, կոալիցիոն
կառավարությունների շրջանն ավարտվում է»,- նշել է «АрмИнфо»-ի ֆինանսական վերլուծաբան Էմանուիլ Մկրտչյանը:  


Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեխնոկրատների կառավարությունը կարող է բարելավել իրավիճակը երկրում: «Գազպրոմ Արմենիա»-ում և Երևանի քաղաքապետի պաշտոնին իր աշխատանքի ընթացքում Կարապետյանն իրեն հմուտ ղեկավար է ցուցադրել, gazeta.ru-ին պատմել է վերլուծաբանը:

 

Նա կարծում է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո և Հայաստանի նախագահի կողմից գործողությունների ազատության երաշխիքների դեպքում Կարեն Կարապետյանը կարող է մնալ վարչապետի պաշտոնին, իսկ նախագահ Սարգսյանը կշարունակի ղեկավարել Հանրապետական կուսակցությունը:

 

Փորձագետների մեծամասնությունը կարծում է, որ ռուսական քաղաքական էլիտայի հետ կապեր ունեցող և «Газпром»-ում բարձր պաշտոն զբաղեցնող Կարապետյանի նշանակումով զգալիորեն կբարձրանա հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մակարդակը: Բացի այդ, Հայաստանը կկարողանա ռուսական ներդրումային կապիտալ գրավել: