Օբաման նախազգուշացրել է ԿԺԴՀ-ին միջուկային փորձարկման «լուրջ հետևանքների» մասին

11:29 • 09.09.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի ցանկացած սադրիչ գործողություն կունենա «լուրջ հետևանքներ», հայտնում է France Presse գործակալությունը:

 

Ավելի վաղ ԿԺԴՀ-ի իշխանությունները հաստատել են միջուկային փորձարկման իրականացումը:

 

«Նախագահը նշել է, որ կշարունակի մեր դաշնակիցների և գործընկերների հետ խորհրդակցություններն առաջիկա օրերին՝ համոզվելու համար, որ ԿԺԴՀ-ի սադրիչ գործողությունները լուրջ հետևանքներ կունենան»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնստը:

 

Չինաստանը վճռականորեն դեմ է արտահայտվել Հյուսիսային Կորեայի վերջին միջուկային փորձարկմանը և կոչ է արել դադարել գործողություններ իրականացնել, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը: Ճապոնիան նույնպես դատապարտել է փորձարկումը և հայտարարել է, որ դա չի կարելի հանդուրժել:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հյուսիսային Կորեան իրականացրել է հերթական միջուկային փորձարկումները, որոնց հետևանքով սեյսմոլոգները Կորեական թերակղզում գրանցել են երկրակեղևի ակտիվություն:

 

4.9-5.3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը ֆիքսվել է միջուկային զենքի փորձարկման համար նախատեսված հյուսիսկորեական պոլիգոնի շրջանում:

 

Սեյսմիկ ակտիվությունն այնքան ուժեղ է եղել, որ ցնցումները զգացել են նույնիսկ Հս. Կորեայի հետ սահմանամերձ ռուսական բնակավայրերի ապրողները: