ՀՀ առողջապահության ոլորտը 25 տարեկան է. Օպերայում կայացավ տոնական միջոցառում (տեսանյութ, լուսանկարներ)
Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր կայացավ «Հայաստանի Հանրապետության առողջապահությունը՝ 25 տարեկան» խորագրով տոնական միջոցառումը, որին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մուրադյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը և ոլորտի վաստակաշատ մասնագետներ։
Միջոցառումից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը նշեց, որ վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանի առողջապահության ոլորտը ենթարկվել է փորձությունների, բայց միաժամանակ արձանագրվել են լուրջ ձեռքբերումներ։
«Մասնավորապես՝ մարզերում առողջապահական նորագույն կենտրոնների կառուցում, մի շարք օրենքների ու օրենսդրական ակտերի ընդունում՝ մինչև 7 տարեկան երեխաների անվճար բուժսպասարկում, մոր և մանկան անվճար ծառայությունների մատուցում և այլն»,- թվարկեց Գագիկ Միրիջանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի առողջապահության ոլորտը, ինչպես ամբողջ աշխարհում, ժամանակ առ ժամանակ կանգնում է նորանոր մարտահրավերների առջև, որը միահամուռ աշխատանքով պետք է կարողանա լուծել, իսկ որպես առաջնային լուծում պահանջող խնդիրներ կամ անելիքներ նա նշեց՝ ծնելիության մակարդակի բարձրացումը, բուժօգնության մատչելիության ապահովումը, ինչպես նաև նոր առողջապահական կենտրոնների բացումը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը, անդրադառնալով առողջապահության ոլորտին, ասաց, որ մենք ստացել ենք բավականին լուրջ ժառանգություն նախկին Խորհրդային միության առողջապահության համակարգից՝ նյութատեխնիկական բազայի, շենքերի, շինությունների ձևով։
«Իհարկե, երկրաշարժը մեծ վնաս տվեց մեր համակարգին, բայց հետագայում, մանավանդ վերջին 10 տարիների ընթացքում սկսվեց շինարարություն՝ և՛ պետական բյուջեի, և՛ Համաշխարհային բանկի, և՛ մասնավոր ընկերությունների միջոցով։ Հատկապես ուզում եմ նշել «Տաշիր» ընկերությունը, որը հիանալի հիվանդանոց կառուցեց Ստեփանակերտում և հիմա Վանաձորում կառուցում են երեք շենքեր»։,– ասաց նա։
Խոսելով ոլորտում համապատասխան որակավորում ունեցող կադրերի խնդրի մասին՝ Արա Մինասյանը նշեց, որ վերջին տարիներին բավականին մեծ դրական տեղաշարժ կա այդ հարցում։ «Եթե կար ժամանակահատված, որ մենք շատ էինք նեղվում կադրերի պակասից, հիմա բավականին առաջխաղացում կա։ Ամենակարևորը վիրաբուժության, մանկաբուժության, անեսթեզիոլոգիայի ուղղությամբ կադրերի հարցը, կարծես թե, ստացվում է լուծել»,– ասաց նա։
Տոնական միջոցառման ժամանակ ընթերցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը՝ ուղղված առողջապահական համակարգի ղեկավարներին, բուժաշխատողներին։ Հետո ցուցադրվեց վերջին 25 տարիների ընթացքում այս ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների մասին պատմող ֆիլմ, որից հետո ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի կարգադրություններով պատվոգրերի, հուշամեդալների, շնորհակալագրերի, խրախուսանքների արժանացան ոլորտի մի շարք նվիրյալներ ու կազմակերպություններ։ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից 110 աշխատակիցներ կպարգևատրվեն իրենց աշխատավայրերում։ Միջոցառումն ավարտվեց տոնական համերգով։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց. «Մենք ուզում ենք մեծարել մեր անվանի բժիկներին, մեր պարտքն ենք համարում ուժերի ներածի չափով նպաստել առողջապահական համակարգի զարգացմանը։ Հենց այդ կարևորությունը գիտակցելով՝ համագործակցություն են սահմանել Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը։ Մեր երկու կառույցների որդեգրած քաղաքականությունն է՝ նոր սերնդի բժիշկներին ներգրավել առողջապահական գործընթացներում՝ թե՛ մասնագիտական, թե՛ կազակերպչական առումներով։ Այս միջոցառումն էլ այդ համագործակցության պտուղներից է։ 25 տարիների ընթացքում շատ բան է արվել առողջապահության համակարգում։ Հանրապետական կուսակցությունը բոլոր ժամանակներում էլ իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել բոլոր այդ ծրագրերում»:
Նշենք, որ տոնական միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը, ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարությունները, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։































