Ախալքալաքի ոստիկանապետի ու աշխատակիցների պաշտոնանկությունը կապում են Խանդոյում հայ կնոջ սպանության հետ

12:48 • 10.09.16

Ախալքալաքում սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են ոստիկանապետ Շալվա Լոմսաձեն, նրա տեղակալն ու երեք ոստիկան: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ախալքալաքից ընտրված պատգամավոր Սամվել Պետրոսյանը:

«Նրանք ազատվել են սեփական դիմումների համաձայն, մանրամասներին չեմ տիրապետում: Նշանակվել է նոր ոստիկանապետ՝ Նուկրի Խուցիշվիլին, ով Թիֆլիսից է»,-ասաց պատգամավորը:

Տեղաբնակները Ախալքալաքի նախկին ոստիկանապետի աշխատանքից հեռանալը կապում են Խանդոյում տեղի ունեցած սպանության հետ, ինչի առնչությամբ, Tert.am-ը զրուցեց Խանդոյի գյուղապետ Աշոտ Սահակյանի հետ:

Հարցին, թե կարո­՞ղ են առնչություն ունենալ Խանդոյում տեղի ունեցած սպանության գործն ու ոստիկանապետի պաշտոնանկությունը, Աշոտ Սահակյանն ասաց, որ Շալվա Լոմսաձեի աշխատանքից հեռանալը պայմանավորված չէ միայն Խանդոյում գրանցված դեպքով։

«Ես անձամբ չէի ասի, որ աշխատանքից հեռանալն անմիջապես կախված է միայն մեր գյուղում տեղի ունեցած սպանության հետ: Գուցե այլ խնդիրներ էլ են եղել, չի բացառվում, որ վերջին ժամանակաշրջանում ուրիշ դեպքեր էլ են եղել, որոնք չեն բացահայտվել: Ներքին խնդիրներ եղել են աշխատանքային գործունեության մեջ, դա երևի գումարվել է»,- ասաց գյուղապետը, և հավելեց, որ Խանդոյում 79-ամյա կնոջ սպանության գործով դեռևս կասկածյալ չկա: