Արարատ Խանդոյանը դադարեցրել է հացադուլը, քանի որ ի վիճակի չէր հացադուլի մեջ մնալ. փաստաբան
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը` կալանավորված Արարատ Խանդոյանը, դադարեցրել է հացադուլը կնոջ և փաստաբանների հորդորով:
«Դադարեցրել էր, կինն է հորդորել, մենք` փաստաբաններս համոզեցինք, քանի որ իր առողջությունը չի ներում, որ էդքան երկար գտնվի հացադուլի մեջ: Արարատը ազատամարտի մասնակից է, ունի բեկորային, հրազենային վիրավորումներ, հեռացված են` մեկ երիկամը, փայծաղը, լյարդի մի մասը»,- ասաց Արա Ղարագյոզյանը:
Հիշեցնենք, որ այսօր Արարատ Խանդոյանի` հացադուլի մեջ գտնվելու չորրորդ օրն էր: Նա մեղադրվում է հուլիսի 21-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ:










