Հայաստանում իշխանության հարցը չի լուծվելու, քանի դեռ չի լուծվել ընդդիմության հարցը. Նիկոլ Փաշինյան

19:21 • 10.09.16

 

 

 

21:10

Իր ելույթը  Նիկոլ Փաշինյանը սկսեց իր ավանդական`«Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ» դիմելաձևով:

Նա նշեց, թե  ԱԺ գարնանային նստաշրջանն ավարտվեց ընդդիմության բնույթի ու էության մասին բուռն քննարկումներով, որին հետևեց քաղաքական թեժ ամառը, երբ «Սասնա ծռեր» խումբն իր հուսահատ գործողություններով հաստատեց Հայաստանում վստահության ճգնաժամի էությունը:

«Մենք շարունակում ենք վերապրել Խորենացի փողոցի ամառային օրերը, բայց հիմա աշուն է և ունենք այն, ինչ ունենք: Սերժ Սարգսյանը ոչ միայն շարունակում է մնալ Բաղրամյան 26-ում, այլև նրա եղբայր Լևոնը Գյումրիի ավագանու որոշմամբ հռչակվել է հանրապետության 2-րդ քաղաքի պատվավոր քաղաքացի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ՀՀ-ում այս իշխանության ու Սերժ Սարգսյանի շնորհիվ է, որ ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ դե ֆակտո և դե յուրե դադարել են ՀՀ քաղաքացի լինել ու մտածել` ինչ է իրենց համար Հայաստանը` հայրենի՞ք, թե՞ պատուհաս:

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը որոշեց պատասխանել սոցիալական ցանցերում ու հանրության շրջանում ժամանակ առ ժամանակ շրջանառվող հարցին, թե պաշտոնյաներից ով է ամենաշատը մեղավոր այս ամենի համար: «Մեր պատասխանը միանշանակ է, Հայաստանի այսօրվա վիճակի  թիվ 1 պատասխանատուն Սերժ Սարգսյանն է վերջին 23 տարվա մեջ լինելով էլիտար պոլիտբյուրոյի անդամ»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

2008 մարտիմեկյան սպանդ. այս ողբերգական դեպքերին ևս անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը:

Նա խոսեց նաև Հայաստանում վերջին 23 տարում քաղաքական  սպանությունների մասին. վարչապետ, ԱԺ նախագահ, ներքին զորքերի հրամանատար, գլխավոր դատախազ, փոխնախարար, ԱԺ պատգամավոր  և այլն: Թերևս միայն ՀՀ նախագահի սպանություն չի եղել:

Անդրադառնալով քննարկվող հարցին, թե Սերժ Սարգսյանը հող հանձնող է, թե ոչ, հարցրեց. «Ժողովուրդ ջան, կներեք, հող հանձնելը պոզով-պոչո՞վ է լինում»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սարի թաղի դեպքերի ժամանակ, երբ ուղղորդված լրագրողների ջարդ տեղի ունեցավ, դրա թիվ մեկ պատասխանատուն ևս Սերժ Սարգսյանն է:

Նրա հեռացումը, ըստ Նիկոլ Փաշինյանի, բխում է ՀՀ կարճաժամկետ, միջնաժամկետ ու վերջնաժամկետ շահերից:

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտին Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք ասել ենք և ասում ենք` Հայաստանում պետք է լինի մեկ ընդդիմություն»։ Ապա բացատրեց, թե ինչու են այդքան կարևորում մեկ ընդդիմության գաղափարը և այս համատեքստում քննադատում իրենց ընդդիմություն հռչակած շատերին:

«Այդպես վարվում ենք, որովհետև համոզված ենք, որ Հայաստանում իշխանության հարցը չի լուծվելու, քանի դեռ չի լուծվել ընդդիմության հարցը: Ընդդիմությունն իշխանափոխություն իրականացնելու գործիքն է, և եթե  այդ գործիքը խափանված է, իշխանափոխության մասին խոսակցությունները հավերժ մնալու են խոսակցություն»,- ասաց նա:

Սա հին ընդդիմադիր «աջափսանդալների» մեխանիզմ է: Սա, նրա խոսքով, շատ կարևոր է հանրահավաքային պրոցեսի կամ թավշյա հեղափոխության համար, որպեսզի քաղաքացին իմանա, թե ով է այդ պրոցեսի պատասխանատուն:

Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը կոչ է անում, որ ժողովուրդը դնի ոչ թե ընդդիմադիրներին համախմբելու խնդիր, այլ որոշի, թե ով է այդ մեկ ընդդիմությունը, որի հետ կապում է իշխանափոխության հույսերը:

Նիկոլ Փաշինյանի հավելմամբ`«Քաղաքացիական պայմանագիրը» հավակնում է միակ ընդդիմությունը լինելուն, բայց դա պետք է որոշի ժողովուրդը:

Անդրադառնալով իշխանափոխության ՔՊ սցենարների մասին, Նիկոլ Փաշինյանը կրկեց, որ ասել են` «Ժողովրդին չենք առաջնորդելու դեպի պարտություն»:

«Մեզ համար անհասկանալի է նաև քաղաքական գործակցությունը այնպիսի սուբյեկտների հետ, որոնք ուղիղ կապ ունեն Սերժ Սարգսյանի ապօրինի վարչախմբի ծագումնաբանության հետ: Ընդհանրապես անհասկանալի է, որ այնպիսի սուբյեկտներ, ինչպես ՕԵԿ-ն է ու Արթուր Բաղդասարյանը, Հովիկ Աբրահամյանի հավատարիմ հենարան ԲՀԿ-ն, Վարդան Օսկանյանը, որոնք Սերժ Սարգսյանի իշխանության բերած գլխավոր գործող անձինք են, այսօր Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեության հայտ կարող են ներկայացնել»,- ասաց նա ու ավելացրեց, որ նրանց համարում են նույնպիսի չարիք, ինչպես գործող և նորակոչիկ բոլոր «հաճախորդներին»: ՔՊ-ն պակաս վտանգավոր չի համարում Հայաստանի քաղաքական դաշտը ողողած պրոամերիկյան ու պրոռուսական ուժերին, որոնք ՀՀ իրականությունը տեսնում են Պետդեպի, Կրեմլի կամ Եվրապառլամենտի պատուհաններից։

___________________________________________________________________

20:30

ՔՊ վարչությունը որոշել է ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին առաջադրել ՀՀ վարչապետի թեկնածու:

Այս մասին անսպասելի  հայտարարությամբ հանդես եկավ վարչության անդամ Լենա Նազարյանը `հավելելով. «Որպեսզի ՔՊ կուսակցությունից ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվի  Նիկոլ Փաշինյանը` իշխանափոխության գործընթացն արագացնելու համար»:

Նա  հատուկ ընդգծեց, որ վարչապետի իրենց թեկնածուին առաջադրում են ոչ թե նրա համար, որ գործող իշխանության կազմում լինի,  այլ առաջադրում ու   լիազորում են  ձևավորել ստվերային կառավարություն, որ «առավել կոնկրետացնեն իշխանափոխությանն ուղղված և Սերժ Սարգսյանին հեռացնելու գործընթացը»:

____________________________________________________________________

20:03

«Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության անդամ Սասուն Միքայելյանն էլ հայտարարեց Հայաստանում առկա քաղաքական, տնտեսական, բարոյական վիճակն այն կարգի է սրվել, որ ժողովուրդը դրանից դուրս գալու միակ ելքը տեսնում է  զինված ապստամբության մեջ, մինչդեռ իշխանությունը ազգային համաձայնության կառավարություն է ձևավորում:

«Ազգային համաձայնության կառավարություն, որից տեղյակ չէ մեր  ժողովուրդը»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Ապա նա  հարցրեց` ո՞վ էր այսքան տարի բռնել իշխանությունների ձեռքը, որ նորմալ կառավարություն ձևավորեին, որ հիմա արթնացել են, ուզում են ձևավորեն ազգային համաձայնության կառավարություն: «Հերիք  ա «կտերին»  գնանք»,- ավելացրեց ընդդիմադիր քաղաքական գործիչը ու պատմեց մի անեկդոտ հավը ձեռքին մաքսատուն անցնող մարդու մասին, ում գրպանում մի մեծ ադամանդ են հայտնաբերում ու երբ հարցնում են սա ինչ է, ասում է՝ «կուտն ա»: 

______________________________________________________________________

19:48

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանը նախ ընդգծեց սեպտեմբերի 10-ի հանրահավաքի  կարևորությունը, քանի որ դրանով ՔՊ-ն հայտարարում է այս քաղաքական ուժի պաշտոնական քարոզչության մեկնարկի մասին:

Նաև սա առաջին  հնարավորությունն է` լայն հանրությանը ներկայացնելու թե «ով ենք մենք, ինչու ենք այստեղ, ուր ենք գնում, որն է  մեր նպատակը»:

Ըստ Արայիկ Հարությունյանի` ՔՊ  նպատակները իրատեսական են, առարկայական ու չափելի:

«ՔՊ ծրագրում նշված մեր հիմնական նպատակներից են` երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն:   Երջանիկ անհատը պետք է որ կապ չունենա հզոր պետություն ունենալո  տեսլականի հետ, սակայն մեր համոզմունքն է, որ միայն երջանիկ անհատ ունենալու դեպքում կարող ենք ունենալ ուժեղ, կայացած պետություն»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Ըստ նրա` երջանիկ անհատն է, որ կարող է սարեր շուռ տալ, ինչը   շատ   լավ է գիտակցում  է նաև  Սերժ Սարգսյանը, ում համար, ասաց`« կորսված 800 հեկտարը անպետք, քոսոտ տարածք է»: Ավելացրեց , որ   սա լավ գիտակցում են շատ պաշտոնյաներ, այդ թվում`  Հովիկ Աբրահամյանը` իր բիզնեսների համար ջուրը խլելով գառնեցիներից:

Արայիկ Աբրահամյանը նոր է վերադարձել Սյունիքի սահմանային մի քանի գյուղերից և տեսել, որ այս գյուղերում մնացել են մեծահասակներ, որոնք «մեծապես դժբախտ են»: Նրանց   հիմնական խնդիրը ոչ այնքան սոցիալականն է , որքան իրենց  արտագաղթած երեխաներն ու թոռները:

Նա հպարտությամբ նշեց, որ այսօր Ազատության հրապարակում է իր արտերկրից վերադարձած  եղբայրը`  իր 8 ամսական երեխայի հետ,  և որ ինքը ՔՊ-ում է, որպեսզի իրենց տան փոքրը չարտագաղթի ու ընտանիքի անդամներն էլ  երեխայի  մեծանալը չտեսնեն «սկայպով»:

Արայիկ Հարությունյանը հայտարարեց նաև, որ ՔՊ-ն լուրջ հավակնություններ ունի` լուրջ փոփոխություններ բերել Հայաստան:

«Թեև այն քաղաքական ուժերից չենք, որ  օրը երկու անգամ գոռում ենք,  որ  իշխանափոխություն ենք անելու»,- ասաց նա ու ավելացրեց, որ  պատրաստ են իշխանափոխություն անելու:

Վստահ են, որ որքան արագ կազմակերպեն, այնքան  երջանիկ Հայաստանն  ավելի շուտ է իրականություն դառնալու:

 

_________________________________________________________________________________

Ազատության հրապարակում մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագրի»  հրավիրած հանրահավաքը, որի մեկնարկը տրվեց կուսակցության մամուլի քարտուղար Ալեն Սիմոնյանի ելույթով:

Անդրադառնալով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին` Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Այդ բոլոր փոփոխություններն արվում են, որպեսզի որևէ բան չփոխվի: Իրենց իսկ նշանակման օրից մի շատ կարևոր գործոն պիտի իրականացնեն. նրանք պետք է եղած վայրում, պետք եղած ժամին պիտի պառկեն զոհասեղանին և փրկեն Սերժ Սարգսյանին: Այս մարդիկ նույնիսկ  իրենց հրաժարականի մասին են իմանում ԶԼՄ-ներից»:

Հիշեցնենք, որ սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համապետական համագումարն է: