Բրիտանացի բժիշկները ռոբոտի օգնությամբ աչքի աննախադեպ վիրահատություն են անցկացրել
Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքի հիվանդանոցներից մեկում իրականցվել է իր տեսակի մեջ աշխարհում առաջին վիրահատությունը, որի ժամանակ ռոբոտի միջամտության արդյունքում վերականգնվել է հիվանդի տեսողությունը:
Ինչպես նշում է The Guardian-ը, հիվանդը՝ 70-ամյա քահանա Ուիլյամ Բիվերը պատմել է, որ իր աչքի ցանցաթաղանթի վրա փառ էր առաջացել՝ փչացնելով տեսողությունը: Հայտնի է, որ փառը եղել է չափազանց բարակ՝ 1 միլիմետրի 1/100-րդ մասի հաստությամբ: Ուստի՝ բժիշկները չէին կարող այն հեռացնել առանց ցանցաթաղանթը վնասելու:
Ստեղծված իրավիճակում օգնության է հասել ռոբոտային համակարգը, որն իր հնարավորություններով գերազանցում է բժիշկների մասնագիտական կարողությունները: Հայտնի է, որ վիրաբույժները ռոբոտի շարժումներն ու գործողությունները կառավարել են հատուկ ջոյսթիքի միջոցով:
«Այսօր մենք տեսանք, թե ինչպիսին է լինելու ակնաբուժական վիրահատությունների ապագան: Ռոբոտային համակարգը միանգամայն նոր էջ բացեց մեր մասնագիտական ոլորտում, ինչը նախկինում անհասանելի էր»,-նշել է վիրաբույժ Ռոբերտ ՄըքԼարենը:










