Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ուրուգվահայ համայնքային կառույցների հետ

12:11 • 10.09.16

Աշխատանքային այցով Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ուրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 8-ին այցելել է Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակ և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհել:

Նույն օրը հայ խորհրդարանականներն այցելել են Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու առաջնորդարան, հանդիպել Հայ առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնջյանի և ուրուգվահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հայապահպանությանն ու ազգային միասնությանն առնչվող հարցեր:

Այցի ավարտին հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանի հետ: Կարևորվել է կրթական ոլորտում երկու երկրների սերտ համագործակցության անհրաժեշտությունը: