Բարբարա Սթրեյզանդը երգի միջոցով ծաղրել է Դոնալդ Թրամփին՝ նրան համեմատելով 4-ամյա երեխայի հետ

10:41 • 10.09.16

Ամերիկացի հանրահայտ երգչուհի Բարբարա Սթրեյզանդը երգի միջոցով իր վերաբերմունքն է հայտնել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հանդեպ: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:



«Արդյոք նա այդքան հարո՞ւստ է, գուցե նա աղքա՞տ է, ո՞վ կարող է վստահ լինել` մինչև նա չբացահայտի իր եկամուտները»,- երգել է Սթրեյզանդն` ակնարկելով, որ Թրամփը չի ցանկանում հրապարակել իր հարկային հայտարարագիրը:

 

Թրամփի գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնի ընտրարշավի համար միջոցների հավաքագրմանը նվիրված միջոցառմանը երգչուհին կատարել է 1970-ականների հայտնի հիթ հանդիսացող «Կանչեք ծաղրածուներին» (Send in the Clowns) երգի փոփոխված տարբերակը:

 

Ամերիկացի թեկնածուները սովորաբար հրապարակում են իրենց հարկային հայտարարագրերն ընտրություններից առաջ, թեև դա չի հանդիսանում երկրի գործող օրենսդրության պաշտոնական պահանջ:

 

«Ո՞վ կվարձեր այդ ծաղրածուին: Այդ տխուր վուլգար ծաղրածուին: Դու ազատված ես, ծաղրածու», - նշվել է երգում:

 

Ինչպես հայտնում է ամերիկյան Broadwayworld-ը, ում հաջողվել է ձեռք բերել Սթրեյզանդի ելույթի ամբողջական տեքստը, երգչուհին քառյակների արանքում իր կողմից ավելացում է արել՝ երգելով. «Եթե Պուտինը սիրում է ինձ, ես էլ սիրում եմ նրան: Ինչ է, նա 4-ամյա երեխա՞ է»:

Հիշեցնենք, որ Թրամփը պարբերաբար գովաբանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` ամեն անգամ հիշելով նրա դեկտեմբերյան ելույթը, երբ Պուտինը Թրամփի մասին ասել էր «վառ անձնավորություն է, տաղանդավոր»: