Խաչը առաջին հերթին մեզ առաջնորդում է պայքարելու հանուն սիրո. այսօր Խաչվերաց տոնն է
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերաց տոնը (Սրբխեչ), որը եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Սուրբ խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման, որտեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
Qahana.am-ն այդ եղելությունն այսպես է ներկայացրել. 614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Սբ Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը:
Որպես պատմական վկայություն` նշենք, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով:
Տեր Եսայի քահանա Արթենյանը Tert.am-ի հետ զրույցում կարևոր համարեց, որ մարդիկ հասկանան, որ Խաչվերացը միայն ննջեցյալներին վերաբերող տոն չէ, քանի որ երբեմն այդպես է որոշ մարդկանց մոտ այն ընկալվում: Նա նկատեց, որ թեև ոչ ամբողջությամբ, սակայն ժամանակի ընթացքում կոտրվել է այդ կարծրատիպը, և հիմա Խաչվերացի խորհուրդը մարդիկ ավելի շատ փորձում են անցկացնել եկեղեցում՝ Սուրբ պատարագ ունկնդրելով:
«Հատկապես մարդկանց համար շատ սիրելի է Խաչվերացի օրը երեկոյան ժամերգությունից հետո խաչի թափորի արարողությունը, երբ խաչն ամբողջությամբ զարդարված է ռեհաններով և արարողությունից հետո այդ օրհնված ռեհանը բաժանվում է հավատացյալներին»,- ասաց նա:
Քահանան բացատրեց, որ ռեհանով զարդարելը պայմանավորված է նրանով, որ երբ խաչափայտը 4-րդ դարի սկզբում հրեաները թաղել էին Գողգոթայում՝ փոսի մեջ և աղբակույտով ծածկել էին այն, որպեսզի քրիստոնյաները չգտնեն և մոռացության մատնվի, այդ վայրում ռեհան է աճում (լատիներեն բազիլիկոս բառից է, նշանակում է արքայական): Երբ Հեղինե կայսրուհին գալիս հանում է խաչափայտը, ի նշան խաչի գտնվելու խորհրդի երեկոյան խաչը զարդարում են ռեհաններով:
Տեր Եսային հայտնեց, որ Արարատյան թեմի մի շարք եկեղեցիներում տոնական միջոցառումներ կկազմակերպվեն, կմատուցվի սիրո ճաշ՝ մատաղ, որը ողորմության դրսևորում է։
Քահանան նշեց նաև, որ շաբաթ օրը եկեղեցիներում խաչի զորությունն է քարոզվել, իսկ մի խումբ երիտասարդներ երթուղային տաքսու վարորդներից վերցրել են մեքենաներում կախված «աչքի ուլունքներն» ու փոխարենը խաչ են նվիրել:
«Մեր ցանկությունը, մեր մաղթանքն է, որ խաչը պահապան լինի մեզ, մեր ժողովրդին: Խաչը առաջին հերթին մեզ առաջնորդում է պայքարելու հանուն սիրո, և նոր միայն ընդդեմ չարի»,- ասաց նա:










