ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ից պահանջում է իրեն միջուկային գերտերություն ճանաչել
Կորեայի Ժողովրդադեմոկրատական հանրապետությունը կիրակի օրը ԱՄՆ-ից պահանջել է իրեն միջուկային զենք ունեցող պետություն ճանաչել, հայտնում է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնաակն հեռագրային գործակալությանը:
«Օբաման փորձում է հերքել ԿԺԴՀ-ի ռազմավարական դիրքը որպես միջուկային զենք ունեցող պետություն, բայց դա նույնքան անիմաստ է, որքան փորձել ձեռքով փակել արևը»,- երկրի ԱԳՆ-ի ներկայացուցչի հայտարարությունն է մեջբերել գործակալությունը:
Հիշեցնենք, որ ԿԺԴՀ-ի իշխանություններն ուրբաթ օրը հաստատել են միջուկային փորձարկման բարեհաջող իրականացումը և հայտարարել են, որ կարող են բալիստիկ հրթիռները զինել միջուկային մարտագլխիկներով:
Հարավկորեական զինվորականների տվյալներով՝ պայթուցիկ սարքի հզորությունը կարող էր կազմել 10 կիլոտոննա, ինչը մոտ երկու անգամ գերազանցում է հունվարին իրականացված պայթյունի հզորությունը:
Մասնագետներն ընդգծել են, որ տվյալների հաստատման դեպքում միջուկային փորձարկումները կարող են դառնալ ԿԺԴՀ-ի պատմության մեջ ամենախոշորները:










