Մադրիդում հազարավոր մարդիկ ցուլերի նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ ակցիա են անցկացրել
Հազարավոր մարդիկ շաբաթ դուրս են եկել Մադրիդի փողոցներ՝ դժգոհելով ցուլերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և կենդանիների սպանության դեմ:
Ակցիան նվիրված է եղել Տորո դե լա Վեգայի տոնակատարությանը, որն անցկացվում է ամեն տարի սեպտեմբեր ամսվա երրորդ երեքշաբթի օրը Տորդեսիլյասում: Դա հնագույն ավանդույթ է, որը գոյություն ունի 1453թ-ից: Այն մարմնավորում է երկու հակամարտող կողմերին՝ մարդուն ու ցուլին: Կենդանուն բաց են թողնում վանդակից և նա վազում է ամբողջ քաղաքով մեկ: Ամբոխը քշում է կենդանուն «մարտի դաշտ», որտեղ էլ այդ նույն ամբոխը նիզակներով ու քարերով սպանում է նրան:
Անցած տարի Մադրիդում այդ ավանդույթի դեմ փողոց էր դուրս եկել 80.000 մարդ: 2016թ-ի մայիսին Կաստիլիի և Լեոնի իշխանությունները օրենք ընդունեցին, որն արգելել է կենդանու սպանությունը՝ վերջ դնելով Տորո դե լա Վեգային իր ավանդական տեսքով: Հիմա ամեն ինչ կախված է Տորդեսիլյասի քաղաքապետից, թե ինչպես կընթանա տոնակատարությունն այս տարի:










