Մանհեթենում կանցկացվի 2001թ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողություն
Նյու Յորքում և ԱՄՆ այլ քաղաքներում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 15-ամյա տարելիցին հիշում են այդ օրը՝ մահացածների անունների ընթերցմամբ և զանգերի ղողանջով: Այնտեղ, որտեղ ընկել են Մանհեթենի երկվորյակ աշտարակները, կիրակի երեկոյան մոմեր կվառվեն, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Մանհեթենում կառուցված հուշահամալիրում կայանալիք արարողության ժամանակ կընթերցվի ահաբեկչության 2983 զոհերի անունները: Ընթերցումը վեց անգամ կդադարեցվի լռության րոպեով, որոնցից չորսը կնշեն այն ժամանակը, երբ ինքնաթիռները բախվել են շինություններին, իսկ երկու րոպեները տեղի կունենան այն պահերին, երբ 15 տարի առաջ փլվեցին աշտարակները:
Շաբաթ օրը իր ամենշաբաթյա ռադիոուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ օրն անվանել է «երկրի պատմության մեջ ամենամռայլ օրերից մեկը»: Նա նաև ընդգծել է, որ չնայած դրան «հիմնական արժեքները, որոնք բնորոշում են ամերիկացիներին որպես ժողովուրդ, հաջողվել է պահպանել»:










