Ֆրանսիայի դատարանը մեղադրանք է ներկայացրել Փարիզում ահաբեկչության նախապատրաստման փորձի գործով
Ֆրանսիայում շաբաթ օրը դատարանը առաջին մեղադրանքն է ներկայացրել Փարիզի Սուրբ Աստվածածին տաճարի մոտ հայտնաբերված գազի բալոններով ավտոմեքենայի գործով կալանավորված կանանցից մեկին, հաղորդում է France Presse գործակալությունը:
Ըստ Փարիզի դատախազության տվյալների՝ 29-ամյա Օռնելա Գ.-ն մեղադրվում է հանցավոր ահաբեկչական խմբավորման անդամակցելու և մահափորձի համար: Այս պահին մեղադրյալը կալանավորված է:
Նրա մատնահետքերը հայտնաբերվել են ավտոմեքենայի վրա, որտեղ գազի մի քանի բալոն է եղել: Այդ ավտոմեքենան հայտնաբերվել է անցած հանգստյան օրերին: Իրավապահներին հայտնի է նաև, որ ավելի վաղ Օռնելան պատրաստվել է մեկնել Սիրիա:










