Նախագահ Ռեյգանի վրա կրակած անձը դուրս է եկել հոգեբուժարանից

05:07 • 11.09.16

1981թ-ին ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ մահափորձ իրականացրած  Ջոն Հինկլին շաբաթ դուրս է եկել Վաշինգտոնի հոգեբուժարանից և վերադարձել է տուն: Նրան արգելել են շփվել մամուլի հետ, հաղորդում է Associated Press գործակալությունը:

«Մի սպասեք, որ Հինկլին կսկսի հարցազրույցներ տալ: Նրան արգելված է շփվել մամուլի հետ: Առանց հատուկ թույլտվություն նա անգամ չի կարող գրանցվել Facebook, Twitter, Instagram, LinkedIn  սոցիալական ցանցերում և YouTube վիդեոհոսթինգում»,-նշում է գործակալությունը:

Դրա հետ մեկտեղ նա կարող է օգտվել համացանցից, բայց սկզբնական շրջանում արգելված է տեղեկություններ հավաքել իր արարքի մասին: Նա նաև իրավունք չունի ալկոհոլ ու թմրանյութ օգտագործել:

«Դաշնային դատավորը հուլիսի սկզբին որոշում է կայացրել, որ 61-ամյա Ջոն Հինկլին այլևս վտանգ չի ներկայացնում իր ու հասարակության համար և կարող է ապրել Ուիլյամսբուրգում գտնվող մոր տանը»,- հիշեցնում է գործակալությունը: