Ազգային համաձայնության կառավարությունն ընդամենը բառախաղ է. մտավորական (տեսանյութ)

17:21 • 12.09.16

Մտավորական Ռուզան Մարգունին Tert.am –ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում վարչապետի փոփոխությանն ու ձևավորվելիք ազգային համաձայնության կառավարությանը, կարծիք հայտնեց, որ խոսքն ընդամենը բառախաղի մասին է:

«Պահանջները, մասնավորապես, ամենառադիկալ խմբի` «Սասնա ծռերի»՝ ազգային համաձայնության կառավարությունը չէր, այլ ազգային վստահության, իսկ վստահության չափանիշը, ինչպես հայտնի է, Հայաստանում շատ ցածր է:  Եվ թե այդ համաձայնությունը ում հետ է՝ հենց ներսի, վարչախմբի ներկայացուցիչներն են իրար հետ «համաձայնեցնում»: Ես գոնե տեղյակ չեմ, թե այդ ինչ համաձայնություն է, ժողովուրդն էլ, կարծում եմ: Մի բան է միայն ակնհայտ, որ նշանակվում է  «Գազպրոմի» ներկայացուցիչ, ինչն, ըստ էության, նշանակում է, որ ավելի են խորացվելու մեր հարաբերությունները, որոնք հարաբերությունների նման էլ չեն»,-ասում է մտավորականը:

Ըստ նրա` Կարեն Կարապետյանի նշանակումը ռուսական դիտողությունների արտահայտումն է Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, թե ինչու ԵՏՄ կազմում Հայաստանը լավ տնտեսական ցուցանիշներ չի դրսևորել:

«Պուտինը նման հայտարարություն արեց, տասը տոկոս էր ասում, և , ըստ երևույթին, ներքին զրույցների ժամանակ ասել են` ինչո՞ւ չկա, ինչ-որ բան ցույց տվեք, «Էս էն գէ»-ում լավ է ամեն ինչ, ու էս խաղերի մեջ Կարեն Կարապետյան են բերել, որ ապացուցեն, որ տնտեսություն են փոխում: Մանավանդ՝ էս մարդն արտաքին ավելի լավ տեսք ունի, ավելի ներկայանալի է և այլն, շատ շատերը նույնիսկ ոգևորված են, բայց այդ ոգևորությունն ինքս չունեմ»,-ավելացրեց նա:

Այսինքն, ըստ նրա, սա արտաքին քաղաքական նշանակում էր, որը ենթադրում է նաև նման կաբինետի նշանակում:

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի`  Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելուն, ինչի  մասին Интерфакс գործակալությանը սեպտեմբերի 11-ին հայտնել էր  ՌԴ կառավարության աղբյուրը, Ռուզան Մարգունին ասաց. «Ես տեղյակ չեմ` վերջին պատերազմի  ժամանակ ով էր  մեղավոր, ով չէ, ճիշտ է՝ զոհեր ենք տվել, բայց բանակից ես խուսափում եմ խոսել։ Շատ հավանական է, որ լավ է աշխատել, դրա համար են հանում»:

Անդրադառնալով Անկախության 25-ամյակի տոնակատարություններին` ընդդիմադիր հայացքների տեր մտավորականն ասաց. «Մենք պետություն չունենք, եթե մի պետություն միայն մեկից է կախված՝ Հայաստանը` Ռուսաստանից, տնտեսությունը ևս, եթե Հայաստանում չեն կայացվում ինքնուրույն որոշումներ, Իրանի հետ իրավունք չունենք կապ ունենալու, մինչև չհարցենք»:

Մանրամասները` տեսանյութում